Հալածանքներ Ստամբուլի քաղաքապետի՝ նախագահի ընտրություններում Էրդողանի հնարավոր մրցակցի հանդեպ

Թուրքիայում ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդին՝ Ստամբուլի քաղաքապետ, 54-ամյա Էքրեմ Իմամօղլուին։ Ըստ Anadolu գործակալության տվյալների՝ իշխանությունները ձերբակալության օրդեր են տվել քաղաքական գործչի հետ կապված մոտ հարյուր այլ անձանց, այդ թվում՝ նրա մամուլի քարտուղար և Medya AŞ մեդիա ընկերության մենեջեր Մուրաթ Օնգունի նկատմամբ։ Ստամբուլի դատախազությունը հայտնել է, որ խոսքը կոռուպցիայի և ահաբեկչության դեպքերի հետաքննության մասին է։

Ինչպես նշել է CNN-ը, ձերբակալությունները տեղի են ունեցել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախնական ընտրություններից մի քանի օր առաջ, որոնցում ակնկալվում էր, որ Իմամօղլուն կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Բացի Օնգունից և Իմամօղլուից՝ բերման է ենթարկվել նաև Ստամբուլի քաղաքապետի ընտրարարշավի ղեկավար Նեջաթի Օզքանը։ Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու, շորթման, կաշառակերության, խարդախության և հայտերի կեղծման մեջ»։

Նախնական տվյալներով՝ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ՝ կապված Իմամօղլուի հետ, ուռճացրել էին Medya A.Ş և Kültür A.Ş ծառայությունների գնման գները (նրա մենեջեր Մահիր Փոլաթը նույնպես բերման է ենթարկվել): Դատախազությունը կարծում է, որ այդ ընկերությունները պատվերներ են ստացել իրական արժեքից շատ ավելի բարձր գնով։ Խոսքը նաև շորթման և կաշառքի դեպքերի մասին է։ Sabah-ի տեղեկացմամբ՝ սպասվում է ևս մի քանի լրագրողի և գործարարի ձերբակալություն։ Medya AŞ-ից արդեն պահանջվել են հետաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, առգրավվել են նաև համակարգիչներ։

Դատախազության տվյալներով՝ Իմամօղլուն նույնպես հետաքննվում է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Քրդստանի համայնքների միությանը օգնություն ցուցաբերելու կասկածանքով, որոնց Անկարան ահաբեկչական կազմակերպություններ է համարում։

Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ցույցերը քաղաքում (մինչև մարտի 23-ը)՝ «հասարակական կարգը պահպանելու համար»։ Ստամբուլի կենտրոնում փակվել են մետրոյի որոշ կայարաններ և ճանապարհներ։ NetBlocks-ի տվյալներով՝ երկրում սահմանափակված է մուտքը X սոցիալական ցանց, YouTube, Instagram և TikTok։

Բացի այդ, նախօրեին թուրքական իշխանությունները չեղարկել են Իմամօղլուի համալսարանի դիպլոմը, ինչը կարող է խանգարել Էրդողանի հետ մրցակցին գալիք նախագահական ընտրություններում (ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ պաշտոնին կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները): 2024թ. Ստամբուլի քաղաքապետի պայքարում նա հաղթել է Թուրքիայի ղեկավարի ընտրած թեկնածուին։

Ինքը՝ Իմամօղլուն, իր X-ի տեսաուղերձում ասել է, որ «մի բուռ մարդիկ, ովքեր փորձում են գողանալ ժողովրդի կամքը», իր հետևից ուղարկել են ոստիկաններ և անվտանգության ուժեր։ «Մենք բախվել ենք մեծ բռնակալության հետ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես չեմ հանձնվելու»,- ասել է նա:

Իմամօղլուի նկատմամբ քրեական հետաքննություն է սկսվել տարեսկզբին։ Միաժամանակ, ձերբակալվել են մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ «Զաֆեր» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը, ԺՀԿ ղեկավար Օզգուր Օզելը, Ստամբուլի Բեշիքթաշ շրջանի վարչակազմի ղեկավար Ռըզա Աքփոլաթը։

News.am