ՊԵԿ նախագահ․ Թուրք լրագրողներին ՊԵԿ-ը չի տարել Մարգարայի անցակետ. Մեզ տեղեկացրել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական եկամուտների կոմիտեն լրագրողներին չի տարել Մարգարայի անցակետ: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ թուրք լրագրողներին տարել են Մարգարայի անցակետ, սակայն հայ լրագրողներին թույլ չեն տալիս գնալ այնտեղ:

 


«Լրագրողների այցի վերաբերյալ մեզ տեղեկացրել են: Ես տեղյակ չեմ, հայ լրագրողներին դիմե՞լ են, թե՞ ոչ: Դա առանձին հարց է, որ պիտի կառավարությունում քննարկվի և արձագանքենք: Ես նման հարցում չեմ ստացել։ Սահմանային անցակետում մեր գործառույթները սահմանափակվում են մաքսային ծառայության ֆունկցիաներով»,-ասաց նա:

Հարցին՝ եթե հայ լրագրողները ցանկանում են Հյուսիսային մաքսատուն այցելել, էլի պետք է կառավարությա՞նը դիմել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հյուսիսային մաքսատուն գաք, ի՞նչ անեք, դա հարցը։ Եթե մեր տիրույթում հարցեր ունեք, ուզում եք, օրինակ, մաքսային ծառայության գործառույթներին ծանոթանաք, ուզում եք տեսնեք, թե մենք ինչպես ենք աշխատում, մեզ պիտի դիմեք, այո:

Հիմա ձեր անհանգստությունն այն է, որ դուք ասում եք՝ ձեզ թույլ չեն տվել, ես ասում եմ՝ դրանից տեղյակ չեմ, այդ հարցը փակեք: Թուրք լրագրողների դեպքում կառավարության կողմից համապատասխան հարցում ունեցել ենք և դա կազմակերպվել է համարժեք ձևով»:

Անդրադառնալով Մարգարայի անցակետի բացման հնարավորությանը, ՊԵԿ նախագահն ասաց. «Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու, ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, մենք էլ որպես պետական եկամուտների կոմիտե պատրաստենք այդ գործառույթները պատշաճ իրականացնելու։

Իսկ եթե հարցնում եք պետական սահմանի հնարավոր բացման մասին, Դա ՊԵԿ-ի գործառույթը չէ»:

News.am