Բաքուն շտապեցնում է. «Հայաստանը պետք է առանց հապաղելու փոփոխի իր Սահմանադրությունը»
Բաքվում, ինչպես և սպասվում էր, մեկնաբանությունների տարափ են տեղացել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունների առնչությամբ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես համաձայն չէ, որ Բաքվի պահվածքը կարելի է որակել որպես նոր պայմաններ։
«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Ըստ նրա՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրությամբ, Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հայցերով և քաղաքական հայտարարություններով, հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։ Երրորդ երկրները նույնպես դա լիովին գիտակցում են»:
«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,- հայտարարել է Այհան Հաջիզադեն։
News.am