Թրամփը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում հրադադարի մասին բանակցությունները ձգձգելու մեջ
Ռուսաստանը կարող է միտումնավոր հետաձգել Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները և խուսափել համաձայնագիր կնքելուց, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց գուցե նրանք ժամանակ են ձգում: Ես դա արել եմ տարիներ շարունակ [բիզնեսում]. ես չեմ ուզում պայմանագիր ստորագրել, ես ուզում եմ, ասենք, մնալ խաղի մեջ, բայց գուցե և ես չեմ ուզում դա անել», - ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ Վաշինգտոնը կքննարկի Սև ծովում հրադադարի մասին Մոսկվայի պահանջները, որոնք հայտարարվել են Սաուդյան Արաբիայում մարտի 23-25-ին կայացած բանակցություններից հետո։ «Մենք հիմա մտածում ենք այդ ամենի մասին։ Դրանք մոտավորապես հինգ կամ վեց պայման են։ Մենք դիտարկում ենք դրանք բոլորը»,- նշել է Թրամփը։ Մասնավորապես, ռուսական կողմը պահանջել է հանել հինգ պատժամիջոց «Ռոսսելխոզբանկից» և այլ բանկերից, որոնք գործում են պարենի և պարարտանյութերի արտահանման մեջ, ինչպես նաև գյուղտնտապրանքներ արտադրողներից և արտահանողներից և նավերից, որոնք նավարկում են Ռուսաստանի դրոշի տակ և համապատասխան բեռներ են փոխադրում։
ԱՄՆ-ը առաջարկել է Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը սկսել 30-օրյա հրադադարով։ «Դժվար է պայմանավորվել պատերազմի երկարաժամկետ ավարտի շուրջ, երբ նրանք կրակում են միմյանց վրա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այդ նախաձեռնությանը, բայց նշել է «նրբությունների» առկայության մասին։ Նրա խոսքով՝ խնդիր են ներկայացնում ապագա համաձայնագրերին հետևելու վերահսկումը և Կիև ռազմական մատակարարումների շարունակումը։
News.am