Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են ենթակառուցվածքներին հարվածելու մեջ

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ հարձակումների մեջ՝ չնայած Էր Ռիադում ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածություններին, որոնց մասին նախօրեին հայտնել էր ԱՄՆ-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները հարձակումներ են իրականացնում էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ չնայած Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքներին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում նշվել է, որ մարտի 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են գրոհել «Գլեբովսկի ստորգետնյա գազապահեստարանի վերգետնյա սարքավորումները» Ղրիմում, Թարխանկուտ հրվանդանի մոտ։

Բացի այդ, Ռուսաստանը պնդել է, որ չորեքշաբթի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բրյանսկի մարզում գտնվող էլեկտրաէներգիայի օբյեկտին, ինչի հետևանքով բարձրավոլտ գիծն անջատվել է, և «Կոմարիչյան շրջանի սպառողները մնացել են առանց էլեկտրականության»։

ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ մարտի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքը խոցել է «Ռոսսետի-ցենտրի «Կուրսկէներգո» ՓԲԸ մասնաճյուղի էլեկտրակայանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել մի շարք ենթակայանների կասկադային անջատում, և Խոմուտովսկի շրջանի ավելի քան 4 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Ռուսաստանը հայտնել է, որ Ուկրաինան «ամեն ինչ անում է ուկրաինական հակամարտության կարգավորման փուլային միջոցառումների վերաբերյալ ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները խափանելու համար»։

Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին պնդումները։

Սակայն չորեքշաբթի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների համար, ինչը նա անվանել է «ապացույց, որ Ռուսաստանը ձգձգում է այս պատերազմը»:

Զելենսկու խոսքով՝ ռուսական բանակը գրոհել է Ուկրաինայի վրա 117 անօդաչու թռչող սարքերով, որոնք ուղղված են եղել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Հրադադարի շուրջ բանակցություններից հետո նման լայնածավալ հարձակումներ իրականացնելը նշանակում է աշխարհում բոլորին հստակ ցույց տալ, որ Մոսկվան չի պատրաստվում համաձայնել իրական խաղաղությանը»,- գրել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանը հրապարակել էր Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածությունների իր տարբերակը, համաձայն այդ փաստաթղթի՝ մարտի 18-ից ուժի մեջ էր մտնելու Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների արգելքը 30 օրով։

News.am