Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կմասնակցի Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը կմասնակցի Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը: Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:

«Ջենքիզը Ավետիսյանին հրավիրել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու Թուրքիայի հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ։ Հրավերն ընդունվել է»,– ասված է հաղորդագրությունում:

Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը:

Հիշեցնենք` մարտի 21-ին Հայաստանը հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն ուղարկեց Սիրիային։

ՀՀ ԱԳՆ–ն ավելի ուշ հայտնեց, որ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները:

Sputnik Արմենիա