Ցանկացած իրավիճակ պետք է ավելի համապարփակ հասկանանք. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների մասին
«Մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ցանկացած իրավիճակ պետք է ավելի համապարփակ հասկանանք, սա է պատճառը, որ նաև պաշտպանության նախարարությունն այդ շրջանում իր հաղորդագրությունների մեջ անընդհատ ընդգծում էր, որ մենք պատրաստ ենք քննել բոլոր այն կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինեն կոնկրետ տեղեկություններ»։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում պարբերաբար տարածվող ապատեղեկատվությանն այն մասին, որ հայկական կողմը կրակ է բացել սահմանագծի երկանյքով։
«Մենք այս ուղերձը նաև հղել ենք դիվանագիտական խողովակներով, և նաև այլ տեղեկություններ ենք ստացել, որոնք ամենայն լրջությամբ քննում ենք, որպեսզի իրադրությունն ավելի կոնկրետ հասկանանք։ Երկու կողմերից ոչ մեկը, ըստ էության չի հայտարարում, որ ես պատրաստվում եմ էսկալացնել իրավիճակը։ Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն պիտի շահագրգռվածություն ունեն, որ եթե կան որոշակի իրավիճակներ, փորձեն աջակցել մեկը մյուսին՝ այդ երևույթներն ավելի լավ հասկանալու համար»,–հավելեց նա։
Հարցին, արյդո՞ք արդեն սկսվել են քննարկումները՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրվա, վայրի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Մենք Արդբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները, և իհարկե հրապարակային առաջարկությունները զուգորդում ենք նաև դիվանագիտական խողովակներով առաջարկներով։ Ինչ–որ աշխատանք է գնում, լավ չէ դիվանագիտական աշխատանքների մասին պատմելը։ Երբ դիվանանգիտական աշխատանքն իր արդյունքը կբերի, այդ մասին կիմանան բոլորը»,–ասաց նա։
News.am