Պետք է խնդրեի ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը. Սիմոնյանը՝ լրագրողների ակցիայի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել լրագրողներից, որ մարտի 26-ին ՊՊԾ-ն մամուլի ներկայացուցիչներին թույլ չի տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ վերաբերմունքը դատապարտող ակցիա իրականացնել լրագրողների համար նախատեսված օթյակում։

Անվտանգության աշխատակիցները հանել էին պաստառը և լրագրողներին թույլ չին տվել ակցիա իրականացնել։

«ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, դա խնդրելն էր ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը՝ չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, և ես իրենց չեմ ուզում մեղադրել: Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ՝ նման իրավիճակները ապագայում կանխելու համար»,- գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանը հավելել է, որ եթե պաստառը, ակցիան վիրավորանք չի պարունակում, և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել:

Մարտի 26-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ էին փոխանցել, որն ստորագրել էր 161 լրագրող։ Լրագրողների ակցիայի ժամանակ ՊՊԾ աշխատակիցների գործողությունները դատապարտել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ Գլխավոր դատախազությանը հորդորելով հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության հաղորդում ընդունել։ Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։

Armenia Today