Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստանի հանրային մուլտիպլեքսում

Վերջերս Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստան հանրային մուլտիպլեքսում, բայց մերժվել է։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների ժամանակ հստակ հասկացրել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում:

Հակոբյանը հիշեցրեց, որ հավակնորդներից մեկը՝ «Arte France» հեռուստաալիքը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ իր թողարկած ռեպորտաժում Հարավային Կովկասի քարտեզը ցուցադրվել էր առանց Հայաստանի:

Հակոբյանի խոսքով՝ թեև հեռուստաալիքը հետագայում ներողություն խնդրեց, բայց դժվար է պատկերացնել, թե հանրային եթերում նման հաղորդում հեռարձակվելուց հետո ինչ հետևանքներ կլինեին:

«Կստացվեր, որ Հայաստանն ինքն իր մասին ապատեղեկատվություն է տարածում», - ընդգծեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Arte» հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդաշարի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվել էր տարածաշրջանի քարտեզն առանց Հայաստանի, ինչը բուռն քննարկման թեմա էր դարձել: Ավելի ուշ հաղորդման հաղորդավար Էլիզաբեթ Քինը ներողություն խնդրեց՝ կատարվածն անվանելով կոլեկտիվի սխալ, որը չարամիտ դիտավորությամբ չի կատարվել:

Sputnik Արմենիա