Ադրբեջանը բացահայտ քաղաքական շանտաժ է անում. Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի հայտարարությունը, թե նա չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները, բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Այս մասին ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Արմեն Գևորգյանը։

Նա հիշեցրել է, որ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրավունքներից` խայտառակ ցուցադրական դատավարություններ անցկացնելով հայ բանտարկյալների նկատմամբ, իսկ այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:

«Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին»,– ասել է նա իր ելույթում։

Գևորգյանը անդրադարձել է նաև Հայաստանի դատական համակարգին` նշելով, որ չնայած Հայաստանում պաշտոնապես ընդունել են Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել են դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում:

«Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում»,– ասել է նա։

Արմեն Գևորգյանը նշել է, որ շատ դատավորներ, օրենքը պահպանելու փոխարեն, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Շեղվում են կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար:

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանի դատարաններն ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ ներքաղաքական օրակարգի գործիքներ։

Sputnik Արմենիա