Առևտրի և ԱԳ նախարարություններ․ Չինաստանը մինչև վերջ կդիմակայի ԱՄՆ առևտրային ճնշմանը
Չինաստանը կգնա մինչև վերջ ԱՄՆ առևտրային ճնշմանը դիմակայելու հարցում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցներում հայտնել են Չինաստանի ԱԳ և առևտրի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչները, տեղեկացրել է CGTN-ն։
«Բանակցություննե՞ր։ Դռները բաց են, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։ Դիմակայությո՞ւն։ Չինաստանը պատրաստ է դրան մինչև վերջ։ Ճնշումը, սպառնալիքները և շանտաժը Չինաստանի հետ գործեր վարելու ճիշտ ուղի չեն»,- հայտնել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յունցյանը։
Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտնել է, որ Չինաստանը ձեռքերը ծալած չի հետևի տեղի ունեցողին. «Մենք ձեռքներս չենք ծալի՝ հետևելով չինացի ժողովրդի իրավունքների և շահերի ոտնահարմանը և բազմակողմ առևտրային համակարգի, միջազգային առևտրատնտեսական նորմերի ոչնչացմանը։ Եթե ԱՄՆ-ը համառի մաքսատուրքերի և առևտրային պատերազմի հարցում, Չինաստանը կգնա մինչև վերջ։ ԱՄՆ-ը իր շահերը վեր է դասում միջազգային հանրությունից, առաջ է տանում իր հեգեմոն շահերը՝ ի հաշիվ ողջ աշխարհի երկրների օրինական շահերի, ինչն անխուսափելիորեն առաջ կբերի միջազգային հանրության դիմադրության աճ»։
News.am