Վրաստանի նախագահի աշխատակազմում հայտնել են մանրամասներ նրա Ադրբեջան այցի մասին
Միխայիլ Կավելաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցը Վրաստանի նախագահի պաշտոնում. նա այցելում է Ադրբեջան, հաղորդել է «Էխո Կավկազա»-ն։
Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիրն է, շատ կարևոր է, որ առաջին այցը լինի Ադրբեջան, այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նաև վարչապետի, մեջլիսի նախագահի հետ։ Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, կարևոր տնտեսական նախագծեր, որոնք այժմ իրականացվում են երկրների միջև, հատկապես կցանկանայի առանձնացնել վերականգնվող էներգիայի հարցերը և մի շարք մեգա նախագծեր, որոնք իրականացվում են մեր երկրների միջև»,- ասել է Պատարաձեն։
Վրաստանի նախագահի այցն ավարտվում է ապրիլի 16-ին։
News.am