«ՄԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ՝ ՄԻԱՅՆ ՋՐՀԵՂԵՂ». ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԱԲԱՏԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» ՄՈՒՐՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻՑ
Փաշինյանական ԱԳՆ ղեկավարն Անթալիայում ծավալվեց, պետք է ասել՝ ողջ թափով. մերթ հանդիպումներ, մերթ ելույթներ, բանավեճեր, հարցազրույցներ ու տարատեսակ, այդ թվում՝ անհեթեթ հայտարարություններ... Եվ այդ ամենի միջով կարմիր թելի պես անցնում է թուրքերին ուղղված հուսահատ աղերսը ցանկացած զիջման գնալու պատրաստակամության մասին, միայն թե ստանա «խաղաղության համաձայնագիր» անվանյալ բաղձալի թղթի կտորը։
Փորձագետներն արդեն գնահատականներ են տվել Թուրքիայում կայացած դիվանագիտական համաժողովում Արաբատի պահվածքին եվ հայտարարություններին: «Արաբաթը Անթալիայում թուրքերից ու ադրբեջանցիներից արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ։ Ծնկաչոք աղերսում է երկու բառ ասել խաղաղության մասին։ Էդտեղ ենք հասել։ Էդտեղ է մեզ հասցրել գերագույն դավաճանն իր նազիր-վեզիրներով, որոնցից անձամբ ինձ համար առավել գարշելին արաբաթն է»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, և նրա հետ դժվար է չհամաձայնել։
Սակայն Միրզոյանի ասածներից ինչ-որ բաներ համեմատաբար աննկատ մնացին։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է լրագրող Անի Ավետյանը՝ ուշադրություն դարձնելով «նախարարի» պատասխանին՝ թուրք լրագրողին տված հարցազրույցում, որը, նրա խոսքերով, իշխանությունները փորձում են թաքցնել։ Համենայնդեպս այս հարցազրույցը, ի տարբերություն մյուսի, չի թարգմանվել և չի տեղադրվել ԱԳՆ կայքում։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում Արարատ Միրզոյանի ամենակարևոր հայտարարությունը հնչել է, երբ թուրք լրագրողը փորձել է հասկանալ՝ ինչ կլինի Փաշինյանի խաղաղության օրակարգի հետ, եթե 2026-ի ընտրությունների արդյունքով ՀՀ կառավարությունը փոխվի»,- գրում է նա և մեջբերում Արաբատի պատասխանի թարգմանությունը։
«Մենք մեծամասնություն ունենք խորհրդարանում, սակայն, քանի որ ժամանակն անցնում է, և մեր կառավարությունը չի կարողանում կոնկրետ արդյունքների հասնել կարգավորման գործընթացում, նույնիսկ նրանք, ովքեր հավատում են խաղաղության օրակարգին, կարող են հարցնել՝ լավ, խաղաղության օրակարգը լավ է հնչում, բայց միայնակ խաղաղություն չես կարող կառուցել, հարևանները կարծես չեն կիսում խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի նույն տեսլականը: Սա նշանակում է՝ անտրամաբանական է, որ ես պաշտպանեմ ձեր խաղաղության օրակարգը և շարունակեմ դա անել վաղը: Ես սա ասում եմ, որովհետև մենք աջակցություն ունենք, բայց աշխարհում ոչինչ անսահմանափակ չէ: Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել։ Բայց պարզ է նաև, որ եթե կարգավորման գործընթացում արդյունքի հասնենք, օրինակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, տրանսպորտային ենթակառուցվածքը բացվի, առևտուր սկսվի, մարդիկ նորից սկսեն շփվել, եթե լուծվեն հումանիտար հարցերը, դա բնական և բնականոն կդարձնի հարաբերությունները։
...Կարծում եմ, որ այս պահին նման հնարավորության պատուհան կա, անցյալի համեմատ՝ այս հնարավորության համար ավելի շատ հանրային աջակցություն կա: Այդ իսկ պատճառով մեր առջև ընտրության հնարավորություն կա։ Արդյոք մենք կենտրոնանում ենք խոչընդոտների վրա, պատմության և անցյալի վրա, թե՞ կենտրոնանալու ենք այսօրվա վրա և կառուցելու ենք ավելի լավ ապագա: Մենք պետք է այս որոշումը կայացնենք միասին»,- հայտարարել է Նիկոլի թիմակիցը։
«Սա նշանակում է, որ բաց տեքստով խնդրում են Թուրքիային ընդառաջ գնալ և գոնե զիջումներից հետո տալ այդ «խաղաղության համաձայնագիրը», բացել սահմանը, այլապես հայերը կդադարեն հավատալ «խաղաղության օրակարգին» և Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը»,- եզրափակում է Անի Ավետյանը։ Եվ նրա հետ նույնպես դժվար է չհամաձայնել։
Ընդ որում, Միրզոյանի պատասխանում հստակ երևում է նաև մեկ այլ տեսանկյուն, որն ավելի կարևոր է, քան պարզապես խաղաղության աղերսանքը։ Նիկոլին ու իր թիմակիցներին ամենևին չի հետաքրքրում, թե ինչ կլինի ընտրություններից հետո։ Քաղաքագետները իրար հերթ չտալով զգուշացնում են, որ Անկարային ու Բաքվին այդ խաղաղությունը բացարձակապես չի հետաքրքրում, քանի որ նրանք իրականացնում են իրենց ռազմավարական խնդիրը. հայկական պետականության ոչնչացումը և հայկական տարածքների զավթումը։
Եվ որ այդ նպատակն իրականացնելու համար նրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առջև, լինի դա հիբրիդային, թե իրական պատերազմ։ Իսկ թղթի կտորն առանց որևէ միջազգային երաշխիքի (ասենք, դրանց առկայության դեպքում նույնպես) նրանց առավելևս չի կասեցնի։
Այսօր Փաշինյանի օկուպացիոն ռեժիմի համար ամենակարևորը ընտրություններում վերարտադրվելն է։ ՔՊ-ում շատ լավ հասկանում են, որ միայն խաղաղության մասին երդմնալի խոստումներով, Փաշինյանի հիստերիկ ճիչերով ու զարդարուն չագուճով, ինչպես 2021 թվականին էր, հաղթանակ չեն տեսնի։ Եվ որ իրենց հույժ անհրաժեշտ է ցանկացած ճանապարհով ձեռք բերված համաձայնագիրը՝ Փաշինյանի ու Ալիևի խզբզոցով, որը իրենք «հաղթական» կթափահարեն՝ որպես իրենց խոստումների կատարման ապացույց։
Այդ թղթի կտորը գլխավոր, եթե ոչ միակ բանն է, որ Նիկոլի ու Արաբատի տրամաբանությամբ՝ կարող է ապահովել քաղաքականությունից այնքան էլ գլուխ չհանող տգետ ընտրազանգվածի ձայները։
Թե ինչ կլինի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից հետո՝ հազարավոր նոր զոհերով պատերազմ, տարածքային կամ ժողովրդագրական զավթախուժում, Հայաստանի սողացող կամ ագրեսիվ զավթում, հայերի զանգվածային գաղթ և թուրքերով երկրի բնակեցում, Հայաստանի վերածում թուրքական վիլայեթի, նրանց բոլորովին չի հետաքրքրում։ Գլխավորը՝ պահել իշխանությունն ու ապահովել սեփական անձեռնմխելիությունը։
Պատահական չէ, որ Արաբատը հայտարարում է «համատեղ որոշում» կայացնելու անհրաժեշտության մասին։ Նա բաց տեքստով ասում է թուրքերին, որ միայն իրենց իշխանության շարունակման դեպքում է հնարավոր երաշխավորել Հայաստանի վերջնական թուրքացումը, որովհետև միայն իրենք են ընդունակ և պատրաստ դրան։ Հանուն «խաղաղության համաձայնագրի» պատմությունից և անցյալից հրաժարվելու պատրաստակամության մասին խոսքերը նրանց խոստումն են՝ հետագայում ևս իրականացնելու Ցեղասպանության ժխտման և Արցախից իսպառ հրաժարման քաղաքականություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Այս պահին նման հնարավորության պատուհան կա»,- անկեղծանում է Արաբատը՝ թուրքերին առաջարկելով զազրելի փոխանակում. դուք մեզ՝ ոչինչ չպարտադրող «խաղաղության համաձայնագրի» տեքստով թուղթ և իշխանություն, մենք ձեզ՝ համակողմանի, բացարձակ աջակցություն հակահայկական ռազմավարական նպատակներին հասնելու գործում։ Ու նաև՝ համատեղ անպատժելիություն հայ ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար։
«Սրանք բացահայտ ասում են ոչ թե «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», այլ «մեզանից հետո՝ միայն ջրհեղեղ»։ Օգտատերերից մեկի արտահայտած այս մտքին ևս անհնար է չհամաձայնել։