ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՕԿՈՒՊԱՆՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար և մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել:
Սլովակիան Հայաստանի նման խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, այսինքն՝ պետության քաղաքական ղեկավարը վարչապետն է: 2023-ից երկրի վարչապետը Ռոբերտ Ֆիցոն է (Robert Fico), որը Սլովակիան կառավարել է նաև 2006-2010 և 2012-2018 թթ.: Կալինյակը Ֆիցոյի գլխավորած Smer-SD կուսակցության անդամ է (այս կուսակցությունը Սլովակիայի ներկա կոալիցիոն կառավարության և խորհրդարանի հիմնական ուժն է), երկրի ամենաազդեցիկ քաղաքական ֆիգուրներից մեկը: 2023-ից նա զբաղեցնում է ոչ միայն պաշտպանության նախարարի, այլև երկրի 4 փոխվարչապետներից մեկի պաշտոնը: 2006-2010 և 2012-2018 թթ. էլ Կալինյակը եղել է Սլովակիայի ներքին գործերի նախարար ու փոխվարչապետ:
2018-ի փետրվարի 21-ին սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի ու նրա նշանածի սպանությունից հետո, փողոցային ցույցերի ճնշման տակ նախ հրաժարական տվեց ՆԳ նախարար Ռ. Կալինյակը, ապա նաև վարչապետ Ռ. Ֆիցոն: Սակայն վերջինս իր թիմով կարողացավ նորից իշխանության գալ 2023-ի աշնանը կայացած ընտրություններում:
Կալինյակը մեկ ամսում երկու անգամ կեղծիք է հնչեցրել Հայաստանի մասին
Փետրվարին տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր խոսքի մեջ Ռ. Կալինյակը որպես օրինակ նշել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը: Հարցազրույցը Smer-SD կուսակցության ու Կալինյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրվել է փետրվարի 21-ին:
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Ուկրաինայում չեն կարող ընտրություններ անցկացվել, քանի որ այդ երկրի սահմանադրությունն արգելում է դրանց կազմակերպումը օկուպացիայի ժամանակ՝ Սլովակիայի ներկայիս ռուսամետ կառավարության ներկայացուցիչ Կալինյակն ասել է. «Եթե այն (նկատի ունի Ուկրաինան – հեղ.) միակը լիներ, որն օկուպացվել է, ես ոչինչ չէի ասի: Բայց Կիպրոսում ընտրությունները վատ չեն անցնում, ընդ որում՝ երկրի 1/3-ը օկուպացված է արդեն 40 տարի: Սա՝ առաջին դեպքը: Երկրորդ դեպքը՝ երբ ընտրություններ են անցկացվել շատ այլ տարածքներում. երբ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանը, բայց չնայած դրան՝ Ադրբեջանում տեղի են ունեցել որոշ գործընթացներ: Նման բազմաթիվ դեպքեր կան»:
ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը, մեր երկրում Սլովակիայի ռեզիդենտ դեսպան Միրոսլավ Հացեկը (Miroslav Hacek, դեսպան է 2022-ից) ՀՀ ԱԳՆ չի հրավիրվել, նրանից բացատրություն չի պահանջվել, Սլովակիայի կառավարությանը հայկական կողմը բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացրել, Սլովակիայում ՀՀ դեսպանությունը լռություն է պահպանել (այդ երկրում ՀՀ դեսպանը 2024-ից Անդրանիկ Հովհաննիսյանն է (նստավայրը՝ Վիեննա), որը միաժամանակ մեր դեսպանն է Ավստրիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում):
Փոխարենը Կալինյակի հայտարարությանը փետրվարի 22-ին արձագանքել են Սլովակիայի հայերը իրենց ստեղծած «Լուրեր Ղարաբաղ-Արցախից» ֆեյսբուքյան էջով, որը 2020 թվականից ներկայացնում է սլովակերեն նորություններ Հայաստանի ու օկուպացված Արցախի վերաբերյալ:
«Ցավում ենք, որ նախարարը տրվել է ադրբեջանական քարոզչությանը: Քաղաքական գործիչները պետք է ստուգեն փաստերը, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեն,- ասվում է հայկական կողմի հայտարարության մեջ, ապա կոչ ուղղվում հենց Ռոբերտ Կալինյակին,- եթե Դուք աչք եք փակում Ղարաբաղում ադրբեջանական իսլամիստական տարրերի կողմից առաջին քրիստոնյաների (301 թ. հայերն ընդունել են քրիստոնեությունը որպես աշխարհում առաջին պետություն) դեմ իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման վրա (Բաքվի հետ զենքի բիզնեսի, գազի և այլնի, այսինքն՝ ռեալպոլիտիկի պատճառով), ապա առնվազն մի մեղադրեք զոհերին, որոնք վտարվել են իրենց հայրենիքից, որտեղ ապրել են 2500 տարի: Հակառակը, ադրբեջանցիներն են այս տարածքում իմիգրանտ առավելագույնը 100 տարվա պատմությամբ»:
Այնուհետ պատմական անդրադարձ է կատարվել Ստալինի ճնշմամբ 1921 թ. կայացված որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին:
«Ամբողջ խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ Ղարաբաղի ճնշված հայերը հրաժարվել են մտնել անկախ Ադրբեջանի կազմի մեջ և ԽՍՀՄ այն ժամանակվա բոլոր իրավական նորմերին ու միջազգային կանոններին համապատասխան անկախություն են հռչակել… Այսպիսին են փաստերը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն երբևէ չի օկուպացրել Ադրբեջանի որևէ մաս, ինչպես Դուք եք պնդում (Բաքվի ապատեղեկատվություն), այլ հակառակը՝ այսօր Ադրբեջանն է օկուպացրել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի մի մասն ու սպառնում է գրավել այն ամբողջությամբ,- հայտարարել են Սլովակիայի հայերը բարձրաստիճան պաշտոնյային ուղղված կոչում,- պարզապես ի գիտություն Ձեզ՝ այսօր ադրբեջանցիները, Ղարաբաղի 120.000 հայերին վտարելով իրենց հայրենիքից, վերացնում են այդ տարածաշրջանում քրիստոնեության բոլոր հետքերը, ներառյալ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող հուշարձաններն ու եկեղեցիները, որոնք նրանք հողին են հավասարեցնում…»:
Այդուհանդերձ, նախորդ կեղծիքից մեկ ամիս չանցած Ռոբերտ Կալինյակը շարունակել է ապատեղեկատվության ու ադրբեջանական կեղծ թեզերի տարածումն իր երկրում:
TA3-ին տված մեկ այլ հարցազրույցում, որը YouTube հարթակում տեղադրվել է մարտի 16-ին, Սլովակիայի պաշտպանության նախարարն ու փոխվարչապետը կրկին որպես օրինակ նշել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի «օկուպացիան»: Սրան ևս ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել:
Մարտի 18-ին «Լուրեր Ղարաբաղ-Արցախից» ֆեյսբուքյան էջը, ի պատասխան Կալինյակի, տարածել է Սլովակիայի հայ համայնքի հայտարարությունը:
«Հայաստանը պատմության ընթացքում երբեք չի ներխուժել Ադրբեջան և երբեք չի օկուպացրել որևէ ադրբեջանական տարածք։ Հավանաբար Դուք դարձել եք բռնապետ Ալիևի ռեժիմի քարոզչության զոհ, քանի որ հաճախ եք կրկնում այս քարոզչական թեզերը սլովակական լրատվամիջոցներում։ Մենք հասկանում ենք, որ ներկայում նրանց հետ առևտուր եք անում և, ցավոք, մեր հարկերից էլ ֆինանսավորում եք հանցավոր ռեժիմը, որը կատարել է էթնիկ զտում ու վտարել է բոլոր քրիստոնյա հայերին իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են 2500 տարի։ Մենք հասկանում ենք, որ Բաքուն ունի հզոր փաստարկներ՝ գազ, նավթ և արյունոտ միլիարդներ։ Ո՞վ է մտածում ինչ-որ քրիստոնյաների մասին։ Ադրբեջանը գրավիչ, հարուստ գործընկեր է (հուսով ենք, որ միայն ժամանակավորապես, և Ալիևին շուտով սպասում է «Նյուրնբերգը»)։ Դուք հաղթել եք ընտրություններում և, ըստ քաղաքական իրողությունների, իրավունք ունեք առևտուր անել ում հետ ցանկանում եք։ Մենք հասկանում ենք։ Սակայն, եթե Դուք, չնայած թյուր մեկնաբանությունների վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումներին, ցանկանում եք շարունակել մեկնաբանել աշխարհաքաղաքական իրավիճակը հեռավոր Հարավային Կովկասում, ապա նպատակահարմար կլիներ գոնե ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական փաստերը»,- հայտարարել է Սլովակիայի հայ համայնքն ու, ի գիտություն Ռոբերտ Կալինյակի, ներկայացրել Արցախին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող պատմական փաստեր, այդ թվում՝ իրողություններ տարածաշրջանում Թուրքիայի դերի ու Հայոց ցեղասպանության մասին, որն, ի դեպ, 2004 թ. Սլովակիան պաշտոնապես ճանաչել է:
Հայտարարության վերջում հայ համայնքը շեշտել է. «ՀՀ-ն երբեք չի հարձակվել Ադրբեջանի վրա և երբեք չի օկուպացրել նրա տարածքը, ճիշտ հակառակը։ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած բազմիցս հարձակվել է ոչ միայն չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլև միջազգայնորեն ճանաչված, սուվերեն Հայաստանի Հանրապետության վրա, ինչը փաստագրված է նաև եվրոպացի դիտորդների կողմից… Ադրբեջանը ներկայում օկուպացրել է մոտ 200 քկմ հայկական ինքնիշխան տարածք և Բաքվում պահում է տասնյակ հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների:
Ավարտելով՝ բերենք մի պարզ օրինակ՝ իրավիճակը հասկանալու համար: Պատկերացրեք, որ հարևան որևէ երկիր վաղը սկսում է ռմբակոծել Սլովակիան, օկուպացնում է Բրատիսլավայի մեծ մասը և գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակիչների։ Ձեզ հավանաբար դուր չեն գա նման գործողությունները: Հենց այդպիսի բան է անում այսօր Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այսպիսին են փաստերը, պարոն նախարար, և արդար կլիներ, որ դրանք իմանան նաև Սլովակիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները»:
Փաշինյանն ու Միրզոյանը լուռ դիտորդներ են
Սլովակիայի հայ համայնքում վրդովված են, որ ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել սլովակ բարձրաստիճան պաշտոնյայի շարունակական ստերին: Համայնքում «Հետքի» աղբյուրը նշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի ներկայացնում Սլովակիայի իշխանություններին, և Ռոբերտ Կալինյակը շարունակում է ադրբեջանական կեղծ թեզերի տարածումը:
Կարծել, թե ՀՀ կառավարությունը կամ ԱԳՆ-ն չի իմացել այս հայտարարությունների մասին, միամտություն կլինի, քանի որ հայ համայնքը դրանց արագ է արձագանքել, հետևաբար անտեղյակության մասին խոսք չի կարող լինել:
«Հետքը» թեմայի շուրջ մի քանի հարց էր ուղղել արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Ընդ որում՝ խնդրել էինք դրանց պատասխանել առանձին-առանձին: Բանն այն է, որ մեր փորձից գիտենք, որ կառավարական մարմինները, իրենց համար տհաճ թեմաների շուրջ հստակ պատասխաններից խուսափելով, շատ դեպքերում մեկ-երկու պարբերության մեջ խտացնում են մի լղոզված արձագանք: Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն այս անգամ ևս «չի հիասթափեցրել» ու պատասխանել է այնպես, ինչպես սպասում էինք:
Հարց 1. Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը վերջին շրջանում առնվազն երկու անգամ հայտարարել է, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Հաշվի առնելով, որ սա չի կարող պատահականություն կամ շփոթության արդյունք լինել՝ խնդրում եմ հայտնել, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում պահանջել է սլովակական կողմից կամ արդյոք Սլովակիային բողոքի հայտագիր է ներկայացրել: Եթե այո, ապա ե՞րբ է դա տեղի ունեցել, քանի որ ԱԳՆ-ն պաշտոնապես այդ մասին չի հայտարարել՝ ի տարբերություն, օրինակ, 2024 և 2025 թթ. Բելառուսին ու Ռուսաստանին ուղղված հայտագրերի:
Այստեղ նկատի ենք ունեցել 2024-ին ՀՀ ԱԳՆ-ի կողմից Բելառուսին ներկայացված բողոքի նոտան: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին այդ երկրի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը հայտարարել էր. «...Հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում այնպիսի առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»: Ամսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բողոքի նոտա է ներկայացվել բելառուսական կողմին, ու հավելել. «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:
2025 թ. հունվարի 15-ին էլ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանին բողոքի նոտա ներկայացնելու մասին. «2025 թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»:
Հարց 2. Եթե ԱԳՆ-ն պարզաբանում չի պահանջել կամ բողոքի հայտագիր չի ներկայացրել պաշտոնական Բրատիսլավային, ինչպե՞ս եք հիմնավորում պաշտոնական Երևանի լռությունը առնվազն հրապարակային մակարդակում:
Խնդիրն այն է, թե որն է Փաշինյանի գլխավորած կառավարության գործողությունների տրամաբանությունը: Նրա կուսակից Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԳՆ-ն այս անգամ լռել է, որովհետև Կալինյակն, օրինակ, անձամբ Փաշինյանի՞ն չի խայթել, ինչպես բելառուս Գլազը, թե՞ ՀՀ ներկայիս կառավարող ուժը համամիտ է սլովակ գործչի խեղաթյուրված ձևակերպումների հետ:
Հարց 3. 2018 թ. հուլիսի 8-ին Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը կոշտ քննադատության էր ենթարկել Սլովակիայի կառավարությանը՝ անուղղակի ձևով Ադրբեջանին ծանր հրետանային միջոցներ վաճառելու համար: Փոխարենը Ձեր նախարար եղած ժամանակահատվածում դժվար է հիշել դեպք, երբ ՀՀ դեսպաններից որևէ մեկը հայտարարի Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու վտանգների մասին: Հակառակը՝ հունվարի 8-ին կայացած ասուլիսում հարցին, թե ինչ աշխատանք է տանում մեր երկիրը Ադրբեջանին հարձակողական զենք վաճառող այլ պետությունների հետ, արձագանքել եք, որ զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է: Արդյոք սա նշանակում է, որ ՀՀ գործող կառավարությունը որևէ խնդիր չի տեսնում Ադրբեջանի կողմից տարատեսակ սպառազինություն ձեռք բերելու հարցում:
Սլովակիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին նախկինում «Հետքը» մի քանի անգամ գրել է: 2017-2018 թթ., երբ Սլովակիան ղեկավարում էր այսօրվա վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, այդ երկիրը ծանր հրետանային ռազմատեխնիկա է առաքել Ադրբեջան, որը հետագայում կիրառվել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմում Արցախի դեմ, ինչը փաստագրված է: Բայց արտահանման փաստաթղթերում որպես հասցեատեր նշվել է իսրայելական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, որն իրականում Ադրբեջանի գլխավոր մատակարարներից է: Այսինքն՝ կիրառվել է Իսրայելի միջոցով զենքի իրական գնորդին թաքցնելու սխեմա: Այս մասին 2018-ին բարձրաձայնել էր նաև դեսպան Սեյրանյանը: Ավելի ուշ «Հետքի» միջոցով սլովակ լրագրողների հարցերին պատասխանելիս այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը, որը զենքի արտահանման թույլտվություն էր տվել, փորձել է «լվանալ ձեռքերը»՝ հայտարարելով, թե գնորդը եղել է իսրայելական կողմը:
Հարց 4. Եթե, ամեն դեպքում, ՀՀ կառավարությունը նման խնդիր տեսնում է, ապա արդյոք այդ մտահոգությունները դիվանագիտական կամ այլ խողովակներով հասցնում է Ադրբեջանին զենք մատակարարող երկրների գործընկերներին: Եթե այո, ապա, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն են արդյունքները կամ արձագանքները:
Ժամանակները փոխվել են, ու հիմա ՀՀ ԱԳՆ-ն ոչ միայն պարզաբանում չի պահանջում մի ամբողջ երկրի անվանարկած ու պատմական իրողությունները խեղաթյուրած սլովակ պաշտոնյայի կառավարությունից, այլև ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանի ձևակերպումների միջոցով փաստում է, որ ՀՀ գործող կառավարությունը որևէ աշխատանք չի տանում այն երկրների հետ, որոնք զենք են վաճառում շարունակաբար ուժի և ուժի սպառնալիքի մեթոդին դիմող և այդկերպ իր հայատյաց, հակահայկական օրակարգն առաջ մղող Ալիևի ռեժիմին: Սրան կարող ենք հակադարձել նույն Ալիևի ու նրա ենթակաների նախաձեռնողական-հարձակողական մարտավարությունը, որոնք առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե Հայաստանին զենք վաճառելը սպառնալիք է իրենց երկրի համար, և պետք է մատակարարումները դադարեցնել:
«Հետքի» վերոնշյալ հարցերին, ինչպես ասվեց, ԱԳՆ-ն տվել է ընդհանրական պատասխան:
«ՀՀ ԱԳ նախարարությունը, ինչպես նաև Սլովակիայում ՀՀ դեսպանությունը մշտական կապ են պահպանում սլովակ գործընկերների հետ, և դիվանագիտական խողովակներով մշտապես բարձրաձայնվում է Հայաստանին մտահոգող այս կամ այն հարցը: Մասնավորապես՝ 2023 թ. սեպտեմբերին ԱԳ նախարարություն են հրավիրվել ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պավոլ Պոպյակը, իսկ 2024 թ. փետրվարին՝ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը (պատճառների ու հանդիպումների մասին ԱԳՆ-ն մանրամասներ չի ներկայացրել – հեղ.): Հայաստանը ձեռնարկում է նաև անհրաժեշտ քայլեր՝ զարգացնելու և խորացնելու Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունները երկուստեք շահավետ բոլոր ոլորտներում: 2024 թ. Բրատիսլավայում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: Առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի վարչապետի այցը Հայաստան»:
Ինչպես տեսնում ենք, որևէ խոսք չկա Ռոբերտ Կալինյակի վերջին հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի ձեռնարկած քայլերի մասին: Սա այն դեպքն է, երբ լռությունը խոսուն պատասխան է:
«Հետքը» թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել նաև Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարին: Առայժմ սպասում ենք հարցման պատասխանին: