Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարզեր կգնա

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ, հայտնել է «Հրապարակ»-ը։

Թերթի պարզաբանմամբ՝ դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից կհեռանան կամ վրանը կապամոնտաժեն:

«Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաև մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական և քաղաքական պահանջներ են դնում, որոնք, մեծ հաշվով, ընդունելի չեն կառավարության համար»,- գրել է թերթը։

Լրատվականի խոսքով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ մի քանի հանդիպումից հետո նրանք հասկացել են, որ ՀՀ իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որով կազատվեն «և՛ գլխից, և՛ գլխացավից»։

«Մարզային այցերից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, ապա կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին։

 Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ​​ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։

Ապրիլի 10-ի նիստում կառավարությունը որոշում էր ընդունել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցություն տրամադրել։

Armenia Today