Խաչատուր Սուքիասյանը սխալվել-ներողություն է խնդրել, Արցախի իշխանությունները դատապարտել են

Արցախի իշխանությունները դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը, թե 2023 թվականին արցախցիները չեն կռվել, նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

ՔՊ–ական պատգամավորը ապրիլի 17-ին 24news.am–ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած այն մտքին, թե արցախցիները չեն կռվել ու պետք է մնային և պայքարեին իրենց հողում։

«Ազգային ժողովի նախագահը քաղաքական ճիշտ արտահայտություն է արել։ Մեղադրում են ՀՀ իշխանությանը, բանակին, տարբեր կառույցների, այն դեպքում, երբ իրենք 20 թվականին փախել եկել են։ Բաներ կան, չեմ ուզում խոսել էդ մասին, դատարաններում դա կբացահայտվի` ովքեր ոնց են իրենց դրսևորել։ Փաստերը կան, բայց այդ ամենը երբ մամուլ է դուրս գալիս, խայտառակություն է։ Ալեն Սիմոնյանը գիտեմ ինչ է ասում, ինքը տեղեկացված է»,– նշել է Սուքիասյանը։

ՔՊ–ականը նաև ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։

«Ձեզ է թվում, սուտ եք խոսում (դիմում էր լրագրողին` անդրադառնալով զոհերի թվին – խմբ.), սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 2023 թվականին։ 10 հոգի մարդ ա զոհվել, իսկ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա։ Զոհ չեն ունեցել, էդ սկզբի կռիվն ա էղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Ո՞վ ա ասում, որ կռվել են, որտե՞ղ են կռվել, էդ 2 օրն ա տևել, մարդիկ... 44-օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել: Ես դրա մասնագետը չեմ, էդ կգնաք դատարաններում կլսեք, ոնց ա եղել։ Ու գնացեք, հարցրեք՝ ջոկատներում ովքեր են կռվել։ Դու լրագրող եք, ինձ ինչի՞ եք հարցնում․․․Ես սեպտեմբերն էի ասում, սեպտեմբերին կռիվ չի եղել, բայց, իհարկե, 44-օրյա պատերազմում շատ լավ կռվող տղաներ կային, բայց շատերն էլ չեն կռվել։ Ովքեր կռվել ու զոհվել են` խոնարհվում եմ նրանց առջև»,– ասել է պատգամավորը։

Արցախի տեղեկատվական շտաբը դատապարտելուց բացի ընդգծել է, որ իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին։

«Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր»,-նշված է հայտարության մեջ:

Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցնում է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Հարցազրույցից քիչ անց Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։

«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- ԱԺ պատգամավորի հայտարարությունն է տարածել նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Sputnik Արմենիա