Բորիս ՌՈԺԻՆ․ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԿՕԳՏՎԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացից, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:

 

Փորձագետի կարծիքով՝ ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքների հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և ստանալ տարբեր զիջումներ:

«Վստահությունը, որ պատերազմն ուղղակիորեն չի սկսվի, բխում է այն զիջումների շարքից, որոնք նա (Փաշինյանը) արդեն արել է Ադրբեջանին, և որոնք նա մի շարք հարցերի շուրջ մտադիր է անել նաև հետագայում։ Սա վերաբերում է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հարցերին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղափարական հարցերին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի, որոնց շուրջ նույնպես զիջումների են գնում։ Բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու է ստանալ այդ զիջումները, որոնք փաստացի իր համար անվճար են և որոնք նա ստանում է առանց պատերազմի։

Ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքի հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և տարբեր զիջումներ ստանալ հետագայում ևս։ Իսկ հաշվի առնելով տարածաշրջանի վերափոխումը, որն այժմ տեղի է ունենում, պատերազմի վտանգը Բաքվի համար ավելի ուժեղ է, քան իրականացումը: Այսինքն՝ ինչու մտնել հերթական ուղիղ ռազմական դրության մեջ, երբ կարելի է սպառնալիքների միջոցով հասնել ցանկալիին։ Իսկ ցանկալին Ադրբեջանի համար պետական սահմանի սահմանազատումն է, Նախիջևանից դեպի իր հիմնական հատված միջանցքի ստացումն է Հայաստանի տարածքով, և հաշվի առնելով թուրքական շահերը՝ դա Թուրքիայի ելքն է դեպի Կասպից ծով այդ միջանցքով։ Բնականաբար, Երևանի վրա ճնշումներն այս առումով կպահպանվեն՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի համար շատ հարմար կերպար է Երևանում, ուստի նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ կա այդ հնարավորությունը», — ասել է Ռոժինը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին ոչ ոք ակնհայտորեն չի պատրաստվում Եվրամիություն ընդունել, դա պարզապես միջոց է Անդրկովկասում Ռուսաստանի համար լարվածության կետ ստեղծելու համար:

«Պետք է պարզապես հասկանալ, որ գտնվելով ԵՄ կազմում, եթե նման անհավանական իրադարձություն երբևէ տեղի ունենա, Հայաստանը լինելու է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում՝ Հայաստանի համար բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն՝ ԵՄ-ն թշնամական ռազմաքաղաքական դաշինք է Ռուսաստանի համար։ Իսկ եթե Հայաստանը գտնվում է թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում, բնականաբար, չի կարող գտնվել ո՛չ ԵԱՏՄ-ում, ո՛չ էլ որևէ այլ կառույցում։ Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք առանձնապես չի էլ կանչում և ակնհայտորեն չի պատրաստվում ընդունել։ Այսինքն, դա պարզապես միջոց է Ռուսաստանի համար Անդրկովկասում լարվածության կետ ստեղծելու համար։ Հայաստանին օգտագործում են ճիշտ այնպես, ինչպես Մոլդովային, Մերձբալթյան երկրներին։ Եվրամիության համար Հայաստանը պարզապես հակառուսական քաղաքականության գործիք է, համենայնդեպս, Երևանի ներկայիս քաղաքական ղեկավարության օրոք», — նշել է Ռոժինը:

Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին՝ փորձագետն ասել է, որ Էրդողանը կօգտագործի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը, իսկ հետո կպատրաստվի արդեն հաջորդ ընտրություններին:

«Ընթացիկ իրողություններում Էրդողանին ձեռնտու չէ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ այժմ նրա վարկանիշն իսկապես զգալիորեն ընկել է, չնայած նրան, որ պետական ապարատի կայունությունն ու կառավարելիությունը պահպանվում է։ Այնուամենայնիվ, բողոքի ցույցերն ակնհայտորեն գերազանցել են սպասվող ցուցանիշները, նրանք չէին ակնկալում, որ բողոքի ցույցերն այդքան ընդգրկուն կլինեն: Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կընտրի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը և հետո կնախապատրաստվի հաջորդ ընտրություններին, այսինքն՝ պետական ռազմավարությունը վերանայելով։ Էրդողանը փորձ ունի ջախջախելու իր քաղաքական ընդդիմության մի մասին, իսկ մյուսներին ստիպել թույլ դիրքով գնալ ընտրությունների։ Նման բան Թուրքիայում մեկ անգամ չէ, որ արել են, և նա կարող է գնալ հենց այդ ճանապարհով»,- եզրափակել է Ռոժինը։

Alpha News