Վարդանյան․ Նա կասկածի տակ է դրել արցախցիների կռվելու փաստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնատար անձինք, կլինի ԱԺ նախագահ, կլինի, ԱԺ պատգամավոր, արցախցիների հանդեպ ատելության, արցախցիների այնտեղ պայքարելու փաստը կասկածի տակ դնելու հայտարարություններ են անում, հետո ներողություն են խնդրում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

 

«Մենք տեսնում ենք, որ կոնկրետ ֆեյքեր, կոնկրետ մանր քարոզիչներ իրենց դեմքով, մանր-մունր լրատվամիջոցներ, որոնք այս ընթացքում ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ, որոնք փողոցում գտնում են ինչ-որ անհասկանալի մարդկանց և նրանցից հատուկ հարցազրույցներ են վերցնում, որոնցով կփորձեն սահմաններ դնել հայաստանցիների և արցախցիների միջև։

Այն, որ ԱԺ պատգամավորը շարունակում է պնդել այն կասկածը, որ արցախցիները չեն կռվել 2023 թվականին, խոսում է նաև պետական քաղաքականության և պետական վերաբերմունքի մասին։ Ի՞նչ տարբերություն ասել է՝ 10 զոհ են տվել, թե՞ 210 զոհ են տվել: Փաստը մնում է այն, որ նա կասկածի տակ է դրել այն, որ արցախցիները կռվել են և կռվել են իրենց բոլոր հնարավորություններով և ուժերով: Որովհետև շրջափակված Արցախում հյուծված արցախցին կարող էր ընդամենը մի քանի օր դիմադրել: Երբ Հայաստանը հայտարարում է, որ ինքը չի խառնվելու, հնարավոր չի լինելու Հայաստանին ներքաշել դրա մեջ, ի՞նչ պետք է անեին այնտեղ մնացած 120 արցախցիները:

Սրանով փորձում են Հայաստանի հասարակության մոտ ստեղծել վատ տրամադրություններ արցախցիների նկատմամբ: Եթե իրենց նպատակն այն է, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ արցախցիները պարզապես ստիպված հեռանան Հայաստանից, շատ սխալվում են։

Այս ատելության գեներացումը իրականում տեղի է ունենում սոցիալական ցանցերով, մանր-մունր լրատվամիջոցներով, որոնք ֆինանսավորվում են հենց իրենց կողմից և մենք բոլորս էլ գիտենք, թե թելերը կոնկրետ ում մոտ է տանում, բայց ընդհանուր հասարակության մեջ նույն վերաբերմունքը չէ: Հասարակությունը շատ ավելի առողջ և շատ ավելի ադեկվատ արձագանք է տալիս այդ ամենին: Մեր հասարակության հիմնական մասը շատ առողջ է դատում, շատ ճիշտ է դատում և այնպես ինչպես մեզանից շատերի համար Արցախը եղել և շարունակում է մնալ մեր հայրենիքը, իսկ արցախցին մեր հայրենակիցը, այդպես էլ մտածում են հասարակության ստվար զանգվածներ»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News.am-ի հետ զրույցում պնդել էր, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել: Այս հայտարարությունը վրդովմունքի բուռն ալիք էր բարձրացրել արցախցիների շրջանում:

News.am