Լռելը հանցակցութուն է. Արցախում զոհվածների հարազատները բաց նամակ են հղել Կամո Վարդանյանին

2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատները բաց նամակ են հղել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ պահանջելով հանդես գալ հրապարակային հայտարարությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նրանք նշել են, որ ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, իրենց հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը ցեղասպանական ոչնչացումից։

«Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է»,–ասվում է հայտարարության մեջ։

Ի՞նչ հայտարարություն է արել Խաչատուր Սուքիասյանը

Ապրիլի 17-ին 24news.am–ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած այն մտքին, թե արցախցիները չեն կռվել` պետք է մնային և պայքարեին իրենց հողում, հայտարարել է, որ Սիմոնյանը ճիշտ հայտարարություն է արել։ ՔՊ–ականը նաև ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։

Հարցազրույցից քիչ անց Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։

Արցախցիներին մտահոգում է, որ Կամո Վարդանյանը, որը 2023–ի սեպտեմբերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։

«Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցնի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը»,–նշվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակում։

Նրանք շեշտում են, որ իրենց բաց նամակին չարձագանքելը կհամարեն հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ։

Հիշեցնենք` Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Մեկօրյա ռազմական գործողությունների ընթացքում զոհվեց 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորավ 14 քաղաքացի:

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ։ Այդ ընթացքում արդեն սկսվել էր արցախցիների բռնի տեղահանումը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023–ին Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստանում հաստատվել է 115 365 մարդ։

Sputnik Արմենիա