Արցախում բենզինի պահեստի պայթյունից զոհվածներից 78-ը ուժային կառույցների ծառայողներ էին

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհերից 78-ը եղել են ուժային կառույցների ծառայողներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ այդ պայթյունի հետևանքով զոհվածները որևէ կարգավիճակ չունեն։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 219 անձ զոհվել է, 22–ը` անհետ կորել, ևս 300-ը վիրավորվել են։ Այժմ զոհվածների հարազատները բարձրաձայնում են խնդրի մասին` պահանջելով որևէ կարգավիճակ տալ նրանց։

«Տեղյակ եմ խնդրին։ Պայթյունի հետևանքով ուժային կառույցի 78 ծառայող է այդտեղ զոհվել։ Մենք հատուկ շեշտում ենք, որ զոհվել են, որովհետև դա ագրեսիայի հետևանք է։ Այդ անձինք պետք է համապատասխան կարգավիճակ ստանան։ Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք։ Հարազատների հետ պարբերաբար հանդիպում եմ, քննարկում ենք հնարավոր լուծումները»,– նշեց Շահրամանյանը։

Նրա խոսքով` այս հարցում պատասխան պետք է ակնկալել նաև ՀՀ կառավարությունից։

Հիշեցնենք` 2023–ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։

Sputnik Արմենիա