ՀՌՀ ղեկավարն առաջարկում է հանրային մուլտիպլեքսում կրճատել օտարերկրյա ալիքների թիվը
ՀՀ–ում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը պետք է խիստ կանոնակարգվի։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը` ներկայացնելով 2024 թ. հաշվետվությունը։
Ըստ նրա` անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերը սպասարկող հեռուստաընկերությունների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում։ Բացառություն կկազմեն միայն այն հեռուստաալիքները, որոնք հանրային բնույթ կկրեն` ներկայացնելով մշակութային, կրթական, մանկական հաղորդումներ` թարգմանված հայերեն լուսագրերով։
Հակոբյանը նաև հիշեցրեց ռուսաստանյան հեռուստաընկերությունների բովանդակության հետ կապված աղմուկը։
«Մենք չէինք ունենա այդ պատճառով լարվածությունը հայ–ռուսական հարաբերություններում, եթե ժամանակին քաղաքական կամք ունենայինք և իրենց որևէ հաճախականություն ՀՀ–ում չտայինք»,– ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ նաև ֆրանսիական կողմն է ուզում հայաստանյան հանրային մուլտիպլեքսում մեկ կամ երկու սլոթ ունենալ։ Ըստ նրա` հանձնաժողովի խնդիրը ոչ թե ռուսական ծրագրերի արգելափակումն է ՀՀ–ում, այլ օտարերկրյա հեռուստահաղորդումների խիստ սահմանափակումը։
«Եթե մենք ռուսական կողմին, որը մեր դաշնակիցն է, տվել ենք սլոթ ու հիմա էլ տանք ֆրանսիացիներին, ապա մենք ստիպված կլինենք հաճախականություններ տալ մեր բարեկամ բոլոր մյուս երկրներին` Իրան, Վրաստան, գլոբալ տերություններին՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան և այլն»,– ընդգծեց նա։
Հակոբյանն ավելացրեց, որ ՀՀ–ում գործող ցանցային բոլոր` մոտ 60 օպերատորների փաթեթներում հեռարձակվում են մոտ 330 հեռուստածրագիր, որոնց մի մասը գնվում է դրսից, մյուս մասն արտադրվում է մեր երկրում։ 330 հեռուստածրագրից միայն 72–ն են հայկական, 164–ը ռուսական են, 47–ը` ամերիկյան, 16–ը` ֆրանսիական։ Ընդհանուր առմամբ` 15 երկրի հեռուստածրագիր է ներկայացված օպերատորների փաթեթներում։
Հիշեցնենք, որ «Arte» հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդաշարի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվել էր տարածաշրջանի քարտեզն առանց Հայաստանի, ինչը բուռն քննարկման թեմա էր դարձել: Ավելի ուշ հաղորդման հաղորդավար Էլիզաբեթ Քինը ներողություն խնդրեց՝ կատարվածն անվանելով կոլեկտիվի սխալ, որը չարամիտ դիտավորությամբ չի կատարվել:
Հիշեցնենք նաև` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը կարգելափակի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, եթե նրանք չհարգեն պետական կարգն ու հանրապետության շահերը:
Մինչ այդ՝ մարտի 29-ին, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնել էին հանրային մուլտիպլեքսում «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: Որոշումը բացատրվում է մշտական խախտումների փաստերով։
Sputnik Արմենիա