ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն Ալիևին «եղբայր» է անվանում և քննարկում ՀՀ Սահմանադրությունը
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում փառաբանել է Ադրբեջանը ու իրեն թույլ տվել քննարկել Հայաստանի Սահմանադրությունը։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ոչնչով հնարավոր չէ փչացնել, մենք պատմականորեն, աշխարհագրորեն, մշակութային առումով դատապարտված ենք միասին լինելու, մենք միասին անցանք մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը, և մայիսի 9-ին միասին տոնելու ենք մեծ հաղթանակը։ Հուսով եմ, որ իմ եղբայր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը, այդ օրը Հաղթանակի շքերթին Մոսկվայում մեզ հետ կլինի»,- ասել է Սլուցկին։
«Ադրբեջանը բազմաթիվ միջազգային ֆորումների, հարթակների և ձևաչափերի կենտրոնն է: Այս իրադարձությունները դառնում են համաշխարհային մասշտաբի ուղենիշային իրադարձություններ: Եվ, իհարկե, Իլհամ Հեյդարովիչը կատարեց իր մեծն հոր գլխավոր պատվիրանը, Ադրբեջանը տուն բերեց, Ղարաբաղը բերեց տուն: Եվ այսօր, հիշելով ադրբեջանական ժողովրդի փառապանծ զավակների վերջին սխրանքը, որով կարող էին հպարտանալ իրենց հայրերն ու պապերը՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսները, մենք ասում ենք՝ Ղարաբաղն Ադրբեջան է», - հայտարարել է ՌԼԴԿ նախագահը` պարծենալով օկուպացված Շուշի կատարած իր այցով:
Ռուս քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին, գործընթացի առաջընթացին խոչընդոտող հանգամանքներին և այդ գործընթացում Ռուսաստանի դերին. «Առաջին հերթին պետք է Հայաստանի Սահմանադրությունից հանել այն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, օրակարգում կան նաև այլ հարցեր, վաղ թե ուշ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իհարկե, ավելի շուտ ավելի լավ կլինի, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա մոտ ապագայում։ Պետք չէ հապաղել, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղ արարման ճանապարհով՝ ի շահ Հարավային Կովկասի ժողովուրդների»։
News.am