Կալիֆոռնիայում դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբանի դատական հայցերն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի
Կալիֆոռնիայի հարավային շրջանային դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբան Այնու Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցերը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։
Իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու միջնորդությունները մերժվել են դատարանի կողմից։
Ադրբեջանական այս գործելակերպը լիովին տեղավորվում է հատկապես Ամերիկայում և Եվրոպայում Հայ դատի գրասենյակների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության համատեքստում, ինչի մաս են կազմում պատվիրված և առարկայազուրկ դատական հայցերը, Հայ դատի հանձնախմբերի բարի համբավը տարբեր միջոցներով արատավորելու փորձերը, Հայ դատի առանձին գործիչներին թիրախավորելը և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։