Տիրուհի ՆԱԶԱՐԵԹՅԱՆ․ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾՈՒՄ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԵՏԵՐ ԿԱՆ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծում մի շարք խնդիրներ է տեսնում, որոնց մասին Sputnik Արմենիայի եթերում բարձրաձայնել է կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։
Ամսական 13 700 դրամ` յուրաքանչյուր աշխատող քաղաքացու գրպանից
Մտահոգություններրից հիմնականը օրենքի ընդունման դեպքում ՀՀ աշխատող քաղաքացու համար ամսական 13 700 դրամ լրացուցիչ ծախսն է` որպես պարտադիր ապահովագրավճար։
«Դա լինելու է պարտադիր։ Պետությունը հոգալու է դրա որոշ մասը` երեխաների, կենսաթոշակառուների և այլ հատուկ խմբերի քաղաքացիների համար։ Մյուս քաղաքացիներն այդ գումարը ինքնուրույն են վճարելու։ Բացի այդ, այս պահին չունենք ուսանողների համար նախատեսված որևէ կարգավորում։ Եվ ստացվում է, որ ցանկացած աշխատող, որն ունի ուսանող երեխա, ստիպված է լինելու մտածել նաև այդ երեխայի համար վճարումներ կատարելու մասին, եթե երեխան ինքը չի աշխատում»,– նշել է Նազարեթյանը։
Իսկ ամենասկզբունքային հարցը, ըստ նրա, այն է, որ գործատուները օրենքի նախագծով առողջապահության ապահովագրության համակարգին մասնակցելու որևէ պարտավորություն չունեն և կարող են իրենց աշխատակիցների համար վճարումներ կատարել բացառապես որպես բարի կամքի դրսևորում։ Բացառություն է նախատեսված միայն նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների համար։ Այս դեպքում գործատուն պետք է փոխհատուցի այնքան գումար, որպեսզի աշխատողի ամսական եկամուտը նվազագույն` 75 000 դրամից չպակասի։
Նշենք, որ ՀԱՄԿ–ը առողջապահության նախարարությանը գրություն է ուղարկել` առաջարկներ ներկայացնելով ապահովագրությանը գործատուների մասնակցության մասով։ Նախարարությունից պատասխանել են, որ ՀՀ որոշ գործատուներ արդեն իսկ իրենց աշխատողների համար ապահովագրական փաթեթներ ունեն և ամբողջությամբ իրենց վրա են վերցրել այդ ֆինանսական բեռը, ուստի գործատուներին լրացուցիչ ծանրաբեռնելը նախարարությունում ճիշտ չեն համարում։
«Սա ամենևին ընդունելի չէ, որովհետև աշխատող քաղաքացիներն արդեն իսկ ծանրաբեռնված են մի շարք հարկատեսակներով ու դեռ սպասվող թանկացումներով, և սրա հետ որևէ պարտավորություն չդնել գործատուի վրա և թողնել վերջինիս բարի կամքին, կարծում եմ` ճիշտ չէ։ Վերջին հաշվով` քանի՞ գործատու ու տնտեսվարող կա, որոնք լիարժեք ապահովագրում են իրենց աշխատողներին։ Իրականում նրանց մատների վրա կարելի է հաշվել»,– կարծում է փորձագետը։
Տիրուհի Նազարեթյանի համոզմամբ` Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը պետք է ընդունվի և ներդրվի մի շարք այլ օրենքների համադրությամբ, օրինակ` աշխատավարձի պարտադիր ինդեքսավորում նախատեսող օրենքի։
«Մենք ունենք Աշխատանքային օրենսգրքի 182–րդ հոդվածը աշխատավարձի ինդեքսավորման օրենք ունենալու մասին, բայց օրենքը մինչ օրս չունենք։ Մինչդեռ սա պետության ու գործատուների պարտավորությունն է, որպեսզի գործատուների տված աշխատավարձը գոնե գնաճին համարժեք չափով պահպանվի»,– նկատում է մեր զրուցակիցը` մատնանշելով ՌԴ–ի օրինակը, որտեղ Աշխատանքային օրենսգրքով գործատուն ու պետությունը տարին մեկ անգամ պարտավոր են ինդեքսավորել աշխատավարձերը` առնվազն վերջին մեկ տարվա ինֆլյացիայի տոկոսի չափով։
Արդյունքում Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը ներկա վիճակով ընդունելու դեպքում, ըստ ՀԱՄԿ–ի ներկայացուցչի, ՀՀ աշխատող և հատկապես ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները կբախվեն ֆինանսական լրացուցիչ խնդիրների։ Դա բավական լուրջ սոցիալական հետևանքի կարող է հանգեցնել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կան «աշխատող աղքատներ», որոնք թեև ապահովված են աշխատանքով, բայց չեն կարողանում հոգալ անգամ իրենց նվազագույն կարիքները։
Քաղաքացուն ստիպում են վճարել մի բանի համար, որն ինքը չի ընտրելու
Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծում ՀԱՄԿ–ը խնդրահարույց համարում նաև այն կարգավորումը, որ ապահովագրական յուրաքանչյուր ընկերություն փոխհատուցելու է միայն իր գործընկեր բուժհաստատությունում ստացած ծառայության կամ դեղատնից ձեռք բերած դեղորայքի ծախսը։
Տիրուհի Նազարեթյանի գնահատմամբ` ստացվում է, որ քաղաքացուն ստիպում են վճարել մի բանի համար, որն ինքը չի ընտրելու։
«Օրինակ` եթե քաղաքացին տարիներով մի բուժհաստատություն է դիմել, հնարավոր է, որ իր ապահովագրական փաթեթով այդ բուժահաստատություն չկարողանա դիմել, կամ էլ նա փոխհատուցում չի ստանա»,– պարզաբանում է մեր զրուցակիցը։
Բացի այդ, ըստ նրա, այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև որոշ բուժհասատատություններում ապահովագրական փաթեթից դուրս մատուցվող վճարովի ծառայությունների թանկացման։
«Եթե այսօր արդեն որոշ հետազոտություններ` համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, արյան տարբեր հետազոտություններ և այլն, պետպատվերով իրականացնելու համար ամիսների հերթեր են կուտակվում, ապա ապահովագրության ներդրմամբ այդ հերթերը մի քանի անգամ ավելի են ձգվելու։ Նախ` արդյոք մեր համակարգը կարողանալու է դրա տակից դուրս գալ։ Եվ այդ պահանջարկի ավելացումն էլ բնականաբար բերելու է գների բարձրացման»,– կարծում է Նազարեթյանը։
Մասնագետի դիտարկմամբ` այս պահին առայժմ անհասկանալի է նաև, թե բուժհաստատություններն ինչ չափորոշիչներով են միանալու ապահովագրական համակարգին, արդյոք նաև բուժհիմնարկների նկատմամբ խտրականություններ չեն դրսևորվի։ Եվ այս ուղղությամբ ևս պետությունն ու օրենքի հեղինակները լուրջ անելիքներ ունեն։
Առողջության ապահովագրության ծառայությունների ցանկը կորոշվի վիճակագրական տվյալներով
Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ապահովագրության փաթեթում ներառվող հիվանդությունների ու ծառայությունների ցանկերը հաստատվելու են կառավարության որոշմամբ` ելնելով պաշտոնական վիճակագրությամբ հիվանդությունների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկից։
Ուստի նախագծի քննարկմանը մասնակցած փորձագետից հետաքրքրվեցինք` ի՞նչ հիվանդություններ ու ծառայություններ են ներառված այդ վիճակագրության մեջ, և արդյոք չկա մտավախություն, որ ոչ շատ տարածված, բայց վտանգավոր հիվանդություններ դուրս կմնան ապահովագրության ցանկից։
Տիրուհի Նազարեթյանը վստահեցրեց, որ իրեն հասանելի տեղեկությունների համաձայն` նախատեսված ցանկը բավական մեծ է եղել, բայց հընթացս կրճատվելու է։
«Բայց, օրինակ, ՀՀ–ն տարածաշրջանում առաջատար դիրքերում է քաղցկեղի տարածվածության տոկոսով, և, ցավոք, արդեն տարիքային սահմանափակում էլ չկա։ Հայաստանում այս հիվանդության բուժման պահանջարկը մեծ է, և կարծում եմ, որ քաղցկեղի բուժումը ցանկում պիտի լինի, թեև բավական թանկարժեք ծառայություն է և նախնական ցանկում էլ ներառված է։ Բայց իհարկե կարծում եմ` կլինեն և այնպիսի հիվանդություններ, որոնք չեն լինի։ Ատամնաբուժական որոշ թանկարժեք ծառայություները, ինչպիսք են իմպլանտոլոգիայի, դիմածնոտային վիրահատությունների հետ կապված և այլն, չեմ կարծում, որ առաջին փուլում ներառված լինեն»,– կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Առայժմ անորոշ է նաև դեղորայքի գնման դիմաց խոստացված փոխհատուցման հարցը, հատկապես, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, չնայած բոլոր խոստումներին, այդպես էլ չի ստացվում վերջնականապես ներդնել։
Չնայած բազմաթիվ խնդիրներին, Տիրուհի Նազարեթյանը միանշանակ կողմ է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը` իհարկե խնդրահարույց դրույթները շտկվելուց ու բացահայտված խնդիրները հարթվելուց հետո։
«Մենք ոչ թե ասում ենք` ամեն ինչ վատ է ու իմաստ չունի ինչ–որ բան անել, այլ հակառակը` ասում ենք, որ պետք է անել, բայց, օրինակ, ունենալ գնաճի արձագանքման համակարգ` կիրառելով նվազագույն կենսապահովման զամբյուղի ու կենսապահովման բյուջեի մասին օրենքի պահանջը, ունենալ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման լիարժեք համակարգ»,– արձանագրում է մասնագետը։
Հիշեցնենք` ուղիղ 2 տարի առաջ հանրային քննարկման դրվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը մինչ օրս էլ տարբեր գերատեսչություններում շարունակում է մնալ մշակման փուլում։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի 2027 թվականին, իսկ մինչ այդ` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, պետք է իրականացվեր ապահովագրության փորձարարական ծրագիր՝ բնակչության որոշ խմբերի ընդգրկմամբ։ Սակայն դա ևս չի իրականացվել։
Ըստ օրինագծի` ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կարող է կազմել տարեկան 120 000-ից մինչև 164 400 դրամ, որը մեկ ամսվա հաշվարկով կազմում է 10 000-ից մինչև 13 700 դրամ։