Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին, Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերին: Ծանրորդները Երևան ժամանեցին Քիշնև-Վիենա-Երևան չվերթով կեսգիշերն անց 03:45-ին:
Չեմպիոններին և մեդալակիներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Եվրոպայի չեմպիոն, արդեն նախկին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նախագահ, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ծանրորդների ծնողները, ընկերներ, երկրպագուներ:
«Զվարթնոցի» օդանավակայանում հավաքված երկրպագուների մեծ մասը դրոշներով, ծաղկեփնջերով, փուչիկներով և պաստառներով սպասում էին կանանց հավաքականի անդամներին, մեդալակիրներին:
Ծանրորդներին սպասասրահում դիմավորեցին առանց զուռնա-դհոլի, դափնիների, փոխարենը՝ ծափերով և ծաղիկներով, որոնք մարզիկներին հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 10 մեդալ՝ երկու ոսկի, 6 արծաթ և երկու բրոնզ:
Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը (450, 210+240) և Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) և Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) և Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):
Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներն առանձին թիմային հաշվարկներում գրավել են առաջին տեղը: Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 3-րդն է։
News.am