Երևանում 5-րդ անգամ անցկացվեց «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունը
«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությունն արդեն 5-րդ անգամ անցկացվեց Երևանում: Այս միջոցառման շրջանակում Հաղթանակի զբոսայգու Փառքի ծառուղում կտնկվեն ծառեր՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը խորհրդանշական կերպով բացում է փառահեղ հոբելյանին ՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
«Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ են, ներկայացնում են այն երկրները, որոնք հարգում են մեր նախնիների մեծ սխրանքի հիշատակը։ Սխրանք, որը մեզ կյանք տվեց և հնարավորություն` զարգանալու որպես ինքնիշխան պետություններ, որոնք, համոզված եմ, շատ լավ հեռանկար ունեն։ Այս զարգացման համար ամուր հիմքեր են պետք։ Եվ ահա մեր ընդհանուր հաղթանակն այդ ամուր հիմքի նշանակալի մասն է, և այդ հիմքի վրա մենք այժմ զարգանում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ ակցիան բարի ավանդույթ է դարձել. այն անցկացվում է Երևանում արդեն 5-րդ տարին։ Միջոցառումն ունի յուրահատուկ խորհուրդ և նշանակություն։
«Մեր տնկած յուրաքանչյուր ծառ նախևառաջ հարգանքի տուրք է մեր հերոսների հիշատակին։ Երկրորդը՝ այս ակցիան խորհրդանշական կերպով կապում է անցյալն ապագայի հետ, քանի որ յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է կանաչապատման, առողջ շրջակա միջավայրի ստեղծման գործում»,- ասել է դեսպանը։
Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին միասնական հաղթանակի հիշատակը հարգելու համար հատկապես հիմա, երբ դա կարևոր նշանակություն ունի:
«Մենք բոլորս գիտենք, որ կան պատմությունը վերաշարադրելու և ճշմարտությունը խեղաթյուրելու շատ լուրջ, համակարգված, երբեմն ագրեսիվ փորձեր, իսկ մենք պարտավոր ենք պահպանել մեր պատմությունը»,- նշել է Կոպիրկինը:
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանն իր հերթին նշել է, որ ավանդական դարձած ակցիան թույլ է տալիս վերհիշել պատմական իրադարձությունները և ևս մեկ անգամ տեսնել վետերաններին:
«Դուք խորհրդանշում եք մեր միասնությունը և կապում այն հեռավոր ժամանակների հետ, այն մեծ հաղթանակի հետ, որը տեղի ունեցավ Ձեր շնորհիվ... Կարծում եմ, որ ձեզ հետ շփվելը երջանկություն է, և մենք կարող ենք հաղորդակից լինել նրան, ինչ տեղի է ունեցել 80 տարի առաջ»,- ասել է Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ հիշողությունը լավ կոնյակի պես է՝ ժամանակի ընթացքում ավելի ամուր ու արժեքավոր է դառնում։ Նա հույս է հայտնել, որ այս ակցիան կապրի շատ ու շատ տարիներ, քանի որ դրա մեջ շատ ճիշտ գաղափարներ են դրված՝ հիշողություն, սերունդների կապ և միասնություն:
Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպել էին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը:
Նշենք, որ ակցիայի շրջանակներում նախորդ տարիներին Երևանում տնկվել է շուրջ 600 ծառ:
Sputnik Արմենիա