Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան»,–ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Նաև հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։
Խոզնավարում բնակելի տան վնասվելու մասին սա արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է։ Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին ադրբեջանական կրակոցներից բնակելի տուն էր վնասվել նաև Խնածախ գյուղում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ապրիլի 21-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Խնածախ գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ վերջին օրերին ևս ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվում նաև գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով բնակելի տների և շինությունների տանիքներ են վնասվել։
Sputnik Արմենիա