ՄԵՐՁԵՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԴԻՄԱ՞Ց

Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո իշխող վերնաշերտի առաջնային խնդիրն այդ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումն է, իսկ այդ նպատակին հասնելու գլխավոր ճանապարհը Փաշինյանի պատրաստակամությունն է՝ հետևելու Պուտինի հրահանգներին, որոնք կհնչեցվեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված մայիսյան հանդիպման ժամանակ։ Պուտինը ծրագրել է առանձին-առանձին հանդիպել Փաշինյանի և Ալիևի հետ։ Կարծում եմ, այդ հանդիպումների հիմնական բովանդակությունը կմնա փակ դռների հետևում։ Հայ արևմտամետները զուր են հույսեր փայփայում, թե իշխող վերնաշերտի պարագլուխը կգնա Մոսկվա, որպեսզի վերջնականապես խզի բոլոր կապերը

Բավական երկար ժամանակ «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները գործել են միահամուռ, քվեարկել և հանդես եկել որպես մեկ միասնական խմբակցություն, սակայն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել են բաժանվել։ «Սա երկրորդ և երրորդ նախագահների խաղն է։ Չի բացառվում, որ 2026-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը գլխավորի ընդդիմությանը, որը կկրկնի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների կարգախոսը. թույլ չտալ ՔՊ ներկայացուցչի վերադարձը քաղաքապետի աթոռին: Նույն նպատակը ընդդիմությունը կհռչակի ԱԺ ընտրություններում, որպեսզի ՔՊ-ն չկարողանա իր վարչապետին նշանակել»,- հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունները Հակոբյանը որակեց իբրև նախընտրական ռազմավարություն, բացառելով լուրջ հակասությունների առկայությունը, փոխարենը չբացառեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր խաղն է մտադիր խաղալ նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած, պատգամավորը մատնանշեց, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի և երկրորդ նախագահի թիմի, այդ թվում՝ ՀՅԴ-ի առանձին առաջադրվելը կհանգեցնի 9-րդ գումարման խորհրդարանի պատերի ներսում Գյումրիի սցենարով միավորման՝ ՔՊ-ի և նրա արբանյակների համեմատ ձայների գերակշռություն ապահովելու համար։

Առաջիկա խորհրդարանական քարոզարշավի լույսի ներքո Հակոբյանն առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց ընդդիմության հայցի վերաբերյալ ՍԴ-ի վերջերս կայացրած որոշմանը։ Այդ հայցի պատճառով, նրա խոսքերով, օրենքի շրջանցումով ձեռք բերված գույքի բռնագանձման հոդվածով մեղադրյալներից շատերը հաշտության չգնացին, համարելով, թե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական կճանաչի: ՍԴ որոշումից հետո, ըստ պատգամավորի, թալանը պետությանը վերադարձնելու գործընթացը կշարունակվի, սակայն այժմ մեղադրյալներից շատերը կհամաձայնեն հաշտության: Հակոբյանի գնահատմամբ, խոսքը հսկայական գումարներ և մեծ քանակությամբ անշարժ գույք պետությանը վերադարձնելու մասին է։

Ասվածին կարելի է հավելել, որ մինչ ՍԴ-ում քննություն էր ընթանում, բազմաթիվ գործերով որոշումներ են կայացվել հաշտեցման հիման վրա, երբ մեղադրյալները համաձայնել են փոխհատուցել պետությանը պատճառած վնասը՝ դատական քաշքշուկից խուսափելու համար։ Այդ գործերի մասին չի խոսվելը ԶԼՄ-ներում։ Հակոբյանը բնավ պատահական չէ սևեռել ուշադրությունը ՍԴ այդ որոշման վրա։ Դատելով ամենից, «թալանածը մինչև վերջին լուման պետությանը վերադարձնելու» կարգախոսն առանցքային է լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի վերարտադրման փորձի մեջ։

Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետի վերադարձը գործող քաղաքականություն և մարտի 30-ին արտահերթ ընտրություններին մասնակցելը հարուցված քրեական հետապնդումների հետևանք է: Ընդ որում պատգամավորը չբացառեց, որ ընտրված քաղաքապետին առաջադրված մեղադրանքները զարգացում կստանան՝ ընդհուպ մինչև Ղուկասյանի կալանավորում: Եվ ասաց մի արտահայտություն, թե «Ղուկասյանը աշխատելու է որպես ՔՊ-ի քաղաքապետ»։

Նրանք, ովքեր ծանոթ են տեղական ինքնակառավարման մեխանիզմներին, կհաստատեն, որ Գյումրիի քաղաքապետը ստիպված է լինելու սերտորեն աշխատել Շիրակի ՔՊ-ական մարզպետի և Փաշինյանի կառավարության հետ: Այլ կերպ լինել չի կարող, հաշվի առնելով քաղաքապետին ներկայացված մեղադրանքի 40 դրվագները, այդ թվում՝ հասարակական նշանակության 4 հողակտորների օտարումը, որոնք օտարման ենթակա չեն եղել։

«Տեսնելով, որ հատուցումը մոտ է՝ մարդիկ մտնում են քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի օրենքով հետապնդումները ներկայացնեն որպես քաղաքական բռնաճնշումներ»,- ընդգծեց Հակոբյանը: Ղուկասյանն արդեն ավելի հեռուն է գնացել, չբացառելով, որ իր դեմ կարող է կազմակերպվել հերթական մահափորձը։ Ընդ որում Հակոբյանը համաձայնեց, որ Ղուկասյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելը և Մարտուն Գրիգորյանի («Մեր քաղաքը» դաշինքի թիվ 1 թեկնածու) որդուն ու հորը ձերբակալելը ընտրություններից առաջ հանգեցրին այդ գործիչների վարկանիշի աճին ընդդիմադիր տրամադրված հանրության աչքում։ Այն, որ Ղուկասյանը աշխատելու է ՔՊ-ի քաղաքապետ, կասկածից վեր է. այլապես նրան սպասում է կալանք և դատարանի դատավճիռ օրենքի շրջանցումով ձեռք բերած գույքի բռնագանձման մասին: Իսկ որ նման գույք Ղուկասյանն ունի, նույնպես կասկածից վեր է։ Ղուկասյանն արդեն ներկայանում է քաղաքական բռնաճնշումների զոհի դերում։ Նման կեցվածքը շատ վտանգավոր է, քանզի կոչված է մի կույտի մեջ հավաքել քաղաքական դրդապատճառներով իրական բռնաճնշումները և բացահայտ քրեական գործը, որն առաջին անգամ ջրի երես է ելել դեռևս նախկին իշխանության օրոք։ Ստանձնելով քաղաքապետի պաշտոնը՝ Սամվել Բալասանյանը, հիշեցնեմ, Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես եկավ իր նախորդի արարքների բացահայտումներով

Ընդդիմությունը հաղթանակ է տոնում մարտի 30-ի ընտրությունների արդյունքներով, անուշադրության մատնելով «կողմնակի» հանգամանքները, որպեսզի ներշնչի ժողովրդին, որ ՔՊ-ի և նրա առաջնորդի նկատմամբ հաղթանակը կարող է Գյումրիից տեղափոխվել Երևան, տարածվել երկրով մեկ և անդրադառնալ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

Ռեժիմին չծախված առնվազն երեք քաղաքագետներ արդեն զգուշացրել են, որ Գյումրիի իրավիճակը կարող է էյֆորիա առաջացնել իրական ընդդիմության շարքերում, ինչը կհանգեցնի նրա թուլացմանը խորհրդարանական ընտրություններում: Թուլանալ իսկապես չարժե, մանավանդ որ Գյումրիում հաղթանակը Վարդան Ղուկասյանի դեմքն ունի։ Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ն ավելի շատ ձայներ է հավաքել, քան մյուս ուժերը, ապա ներկուսակցական հարցումները ցույց են տվել, որ այդ ձայները պատկանում են ոչ թե կուսակցությանը, այլ Սարիկ Մինասյանին: Մի խոսքով, վիճակը վատ է, և արդեն երևում է, թե ինչ միջոցներով է Փաշինյանը ձեռնամուխ եղել դրա շտկմանը։ Խոսքը միայն 4, 2 մլրդ դոլարը բյուջե վերադարձնելու մասին չէ

Պուտինի հրահանգներին հետեվելու պատրաստակամությունը կարող է երկարացնել Փաշինյանի իշխանավարումը վարչապետի պաշտոնում, երկրի ներսում արևմտամետ ուժերի դիմադրությունը նա հեշտությամբ կարող է անտեսել։ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի ակտիվացումը հասկանալի է, սակայն 2026-ի խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վրա արվող խաղադրույքը դժվար թե արդարացնի իրեն։ Հայկական ընդդիմության ներկայացուցիչները խիստ չափազանցում են Փաշինյանից ազատվելու Պուտինի ցանկությունը։ Իշխող վերնաշերտի պարագլուխը, որը զուրկ է սեփական ժողովրդի աջակցությունից, միանգամայն ձեռնտու է Ռուսաստանի առաջնորդին։

Գաղտնիք չէ, որ Կրեմլը բազմիցս կոտրել է հայ ընդդիմադիրների սպասումները, որոնք ռեժիմի տապալման գործում հույս էին դրել Ռուսաստանի աջակցության վրա։ Չի բացառվում, որ այս անգամ Փաշինյանը որոշել է մերձեցման գնալ, որպեսզի կանխի Մոսկվայի միջամտությունը խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին այսօր արդեն շշուկով խոսում են իշխանական կուլիսներում

Մի խոսքով, մայիսի 9-ից հետո իշխող վերնաշերտը կարող է կտրուկ շրջադարձ կատարել դեպի Մոսկվա, մանավանդ որ Թրամփը, հակառակ հայ արևմտամետների կանխատեսումների, ամենևին էլ չի ձգտում միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրման գործում։ Մոսկվան աջակցություն է առաջարկում. հուսալի քարտեզների տրամադրում և այլն, սակայն Փաշինյանն իրեն կաշկանդել է Ռուսաստանի միջնորդություն թույլ չտալու պարտավորությամբ։ Նա չի կարող հակառակվել իր արևմտյան տերերի կամքին, թեև Ադրբեջանի հետ հաշտության միջպետական համաձայնագրի ստորագրման հետաձգումը և սահմանամերձ հայկական գյուղերի ամենօրյա գնդակոծությունները սաստիկ հարվածում են իր իմիջին