Իրավախպաշտպաններ․ Իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավախպաշտպանների նախաձեռնությունը»:

Հայտարարությունում նաև ասվում է. «Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը։

Կարևոր է ընդգծել, որ թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին («Պաշտոնատար անձի կողմից … որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ … այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ … անձը կատարել է …». ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450):

Ակնկալում ենք, որ քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հանրային ճնշման արդյունքում հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ»:

Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին: Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

News.am