Կենտրոն վարչական շրջանի մի քանի պաշտոնյաներ շուրջ 1 միլիոն դրամ կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի:Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք, տասնյակ քաղաքացիների օգտին դրսևորելով ապօրինի անգործություն, չեն արձանագրել վերջիններիս կողմից՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը և աջակցել են վարչական պատասխանատվությունից զերծ մնալուն, որի դիմաց որպես կաշառք նրանցից ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ իրավախախտման նշված դեպքերի վերաբերյալ վարչական վարույթներ չեն հարուցվել, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 5.250.000 ՀՀ դրամի վնաս:

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը:

Իրենց օգտին ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած 9 անձանց նկատմամբ նախաքննության ընթացքում հարուցվել են քրեական հետապնդումներ:

Վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Lurer.com