ՀՀ փոխարտգործնախարարը Ժնևում ուշադրություն է հրավիրել գերիների խնդրին
Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման խմբի նստաշրջանում ուշադրություն է հրավիրել Բաքվում պահվող ռազմագերիների խնդրին, հաղորդում է ԱԳՆ-ն:
Մայիսի 1-ին կայացած աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվել է Հայաստանի կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցը: Այնտեղ անդրադարձ կա վերջին 4,5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին:
Ներկայացնելով զեկույցը՝ ԱԳ նախարարի տեղակալը ուշադրություն է հրավիրել նաև Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին:
Ըստ ԱԳՆ-ի՝ զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իարվունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Armenia Today