ՄԱԿ-ը լայնամասշտաբ բարեփոխում է նախապատրաստում ֆինանսավորման կրճատումների պատճառով
Միավորված Ազգերի Կազմակերպությունը քննարկում է արմատական վերակառուցման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հարցը։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի պատրաստած վեց էջանոց գաղտնի հուշագիրը։
Փաստաթղթում առաջարկվում է տասնյակ գործակալություններ միավորել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, մարդասիրական հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ։ Հատուկ միջոցառումներից են Համաշխարհային պարենի ծրագրի (WFP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) գործառնական կառույցների միավորումը մեկ մարդասիրական մարմնի մեջ։ Բարեփոխումը ներառում է նաև կրկնվող գործառույթների կրճատում և անձնակազմի կրճատում, ներառյալ՝ որոշ աշխատակիցների Ժնևից և Նյու Յորքից տեղափոխում ավելի քիչ ծածսեր պահանջվող քաղաքներ։
Նախաձեռնությունը կապված է ՄԱԿ-ի ֆինանսական ճգնաժամի հետ. կազմակերպության հիմնական դոնոր Միացյալ Նահանգները 1,5 միլիարդ դոլար է պարտք՝ կանոնավոր բյուջեից և 1,2 միլիարդ դոլար՝ խաղաղապահ գործողությունների համար։ ԱՄՆ օգնության կրճատումներն արդեն հանգեցրել են Մարդասիրական հարցերի գրասենյակի աշխատակազմի 20%-ի կրճատմանը և սպառնում են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում 6000 աշխատատեղ կրճատել։
Գուտերեշը բարեփոխումն անվանել է «մասնատված կառուցվածքների և բյուրոկրատիայի» պատասխան, սակայն ՄԱԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ մայիսի 1-ին Ժնևում բողոքի ցույց անցկացրեցին կրճատումների դեմ։ Վերջնական վերակառուցման առաջարկները կներկայացվեն մինչև մայիսի 16-ը։
News.am