Իվան ՏԻՄՈՖԵԵՎ․ ՄԵՆՔ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՆ ՀԱՎԱՍԱՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը Alpha News-ի եթերում մենաբանել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և այդ թեմայի շուրջ շահարկումները։
«Սա սկզբունքային հարց է Հայաստանի և նրա անվտանգության համար, և սկզբունքորեն պատասխանը բավականին պարզ է։ Մենք ունենք ֆորմալ դաշնակցային պարտավորություններ։ Հայաստանի նկատմամբ ցանկացած էսկալացիայի դեպքում Ռուսաստանը պարտավոր է միջամտել։ Դրա համար կան համապատասխան ռազմական ենթակառուցվածքներ, հնարավորություններ, ուժեր ու միջոցներ։ Ես գիտեմ, որ շատ շահարկումներ կան այս հարցի շուրջ, այս թեման ակտիվորեն շահագործվում է քաղաքական դաշտում։ Դա հասկանալի է, բայց հասկանալի են նաև այդ քննարկումների, երբեմն նաև շահարկումների պատճառները։ Ըստ իս՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ենթադրում է, որ մենք դաշնակիցներ ենք, և Հայաստանի դեմ ագրեսիան հավասար է Ռուսաստանի դեմ ագրեսիային»,-նշել է փորձագետը։
Պատասխանելով անվտանգության առումով Հայաստանի դիվերսիֆիկացման փորձերի մասին հարցին՝ Իվան Տիմոֆեևն ընդգծել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի միջամտի Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։
«Հարցին պետք է հնարավորինս օբյեկտիվ մոտենալ։ Եթե մենք կտրվենք քաղաքական բանավեճից և սթափ նայենք իրավիճակին, ապա ի՞նչ է կորցնում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքից՝ ոչինչ, ոչ մի կորուստ չկա, կա անվտանգության երաշխիք, և լավ կլինի, որ ընդհանրապես որևէ ագրեսիա չլինի, այդ ժամանակ չի լինի մի իրավիճակ, երբ մենք ստիպված կլինենք գործի դնել մեր փոխադարձ դաշնակցային պարտավորությունները։
Հայաստանը ոչինչ չի կորցնում այդ միությունից։
Ո՞վ կարող է այլընտրանք լինել: ԵՄ-ն ռազմական ուժ չէ, հիմա նրանք փորձում են, բայց ե՞րբ դա տեղի կունենա: Գեներալ դը Գոլն ասում էր, որ պետք է ստեղծել եվրոպական բանակ, բայց ե՞րբ էր դա։ ԵՄ-ն փորձում է, անվտանգության ոլորտում ունի իր ծրագիրը, բայց մինչ այժմ նրանք նույնիսկ հետախուզություն չեն ստեղծել։ ԵՄ ուժային կառույցների ստեղծումը չափազանց դանդաղ է ընթանում, դրանք լուծված են ՆԱՏՕ-ում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա արդյո՞ք ՆԱՏՕ-ն կապահովի նրա անվտանգության երաշխիքները, իհարկե՝ ոչ ։ Եթե դու ՆԱՏՕ-ի անդամ չես, անվտանգության երաշխիքներ չեն լինի։ Առավել ևս՝ առկա է Թուրքիայի գործոնը։ ՆԱՏՕ-ի պատմությունը շատ հետաքրքիր է։ ՆԱՏՕ-ի անդամ են նաև Թուրքիան և Հունաստանը, նրանց միջև հարաբերությունները հիշեցնում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ ՆԱՏՕ-ն այնտեղ որոշակի զսպող դեր է խաղում, բայց ոչ ավելին։
ԱՄՆ-ն կարող է ինչ-որ բան խոստանալ, բայց դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ամերիկացիները Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ռեալ միջամտեն հակամարտությանը: Եվ հետո հասկանում եք, մենք դարավոր հարաբերություններ ունենք, դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Ռուսաստանը Հայաստանից վճար պահանջի անվտանգության ապահովման համար։ Նայեք ամերիկա-ուկրաինական հարաբերություններին։ 3 տարի աջակցություն կար, իսկ հիմա հաշիվ են ներկայացրել։ Հիմա վճարեք այն բանի համար, ինչը երեկ համարվում էր օգնություն։ Դրա համար արդեն վճարել են մարդկային կյանքերով, իսկ հիմա ստիպված կլինեն ավելին վճարել, հանքային ռեսուրսները մի քանի սերունդ առաջ տալ։
Ես նման բան ընդհանրապես չեմ կարող պատկերացնել ռուս-հայկական հարաբերություններում։ Նման ցինիկ հաշվարկը մեր ինքնությունից, քաղաքական մշակույթից դուրս է։ Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ իր ինքնուրույն արտաքին քաղաքականությամբ։ Բայց ռացիոնալ և պրագմատիկ տեսանկյունից պարզապես ցինիկ է ամեն ինչին նայել կորուստների և ծախսերի հավասարակշռության տեսանկյունից»,-նշել է Տիմոֆեևը։