Աբաս Արաղչի․ Իրանն իրավունք ունի ունենալ լիակատար միջուկային վառելիքային ցիկլ
Որպես ՄԶՉՊ-ն ստորագրած կողմ Իրանն իրավունք ունի ունենալ լիակատար միջուկային վառելիքային ցիկլ։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Որպես կանոն, ես ձեռնպահ եմ մնում մամուլում բանակցությունների առանցքային տարրերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուց, ասում եմ՝ ստի կրկնությունը չի փոխի հիմնական փաստերը։ Որպես ՄԶՉՊ-ն (Միջուկային զենքի չտարածման պայմանագիր- խմբ.) ստորագրող երկիր՝ Իրանն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ ունենալու լիակատար իրավունք: Ավելին, կան ՄԶՉՊ մի քանի անդամներ, որոնք հարստացնում են ուրան՝ ամբողջությամբ հրաժարվելով միջուկային զենքից»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Աբաս Արաղչին հիշեցրել է, որ բացի Իրանից, «ակումբը» ներառում է մի քանի ասիական, եվրոպական և հարավամերիկյան երկրներ։
«Մաքսիմալիստական դիրքավորումը և բորբոքված հռետորաբանությունը այլ բանի չեն հանգեցնում՝ հաջողության շանսերի նվազումից բացի: Հուսալի և երկարաժամկետ համաձայնությունը հասանելի է: Այն ամենը, ինչ պահանջվում է, ուժեղ քաղաքական կամքը և արդար վերաբերմունքն են»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ը ներկայում բանակցություններ են վարում, որոնք հիմնականում վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին։
Ինչպես Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է տարբեր մակարդակներում, ԱՄՆ նպատակն է «կանխել, որ Իրանը միջուկային զենք չունենա»:
Իր հերթին, Իրանը բազմիցս ընդգծել է, որ չունի և չի պատրաստվում մշակել միջուկային զենք։
News.am