Մոսկվայի բնակելի շենքում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել. հաղորդվում է երկու զոհի մասին
Մոսկվայի հարավարևմուտքում՝ Գեներալ Տյուլենևի փողոցի բնակելի շենքի իններորդ հարկի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել՝ դրան հաջորդած հրդեհով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրին։
«Ըստ նախնական տվյալների, Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բնակելի շենքի իններորդ հարկում պայթյուն է տեղի ունեցել՝ դրան հաջորդած հրդեհով։ Ներկայումս այրվում է երկու բնակարան, փլուզում է տեղի ունեցել ութերորդ և իններորդ հարկերի միջև», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ավերվել է։
«Ընթանում է մարդկանց օպերատիվ տարհանում մայրաքաղաքի հարավարևմուտքում գտնվող շենքի բնակարաններից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ շենքից տարհանում են բոլոր մարդկանց։ Նաև հայտնի է դարձել երկու զոհի մասին։
Մոսկվայի ՔԿ ԳՔՎ-ում (Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունում) հաստատել են պայթյունի մասին տեղեկությունը։ Այս փաստով կազմակերպվել է նախաքննական ստուգում։ Գերատեսչությունում նշել են, որ «հրդեհը մարելուց հետո մայրաքաղաքային ՔԿ-ի քննիչներն ու քրեագետները կսկսեն դեպքի վայրի զննությունը»։
Մոսկվայի դատախազությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Չերյոմուշկինի միջշրջանային դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հրդեհի պատճառների և հանգամանքների պարզումը։ «Հրդեհի ճշգրիտ պատճառը կպարզվի հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքներով», - նշել են գերատեսչությունում։
Ինչպես ՏԱՍՍ-ին հստակեցրել են Մոսկվայի ԱԻՆ ԳՎ (Արտակարգ իրավիճակների նախարարության Գլխավոր վարչության) մամուլի ծառայությունում, հրդեհը տեղի է ունեցել իննհարկանի շենքում՝ հետևյալ հասցեում՝ Գեներալ Տյուլենևի փողոց, շենք 39։
«Հրշեջ հաշվարկներ են ուղարկվել հրդեհի աղբյուրը պարզելու և մարդկանց փրկելու համար», - հավելել են մամուլի ծառայությունում։
News.am