Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին անվանել է մարդ, որը «ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է մարդ, որը «ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի։ Այս պատասխանատու հայտարարությունը Սիմոնյանն արել է մայիսի 5-ի ճեպազրույցում։

Իհարկե, Սիմոնյանն անմիջապես էլ ասել է, որ փաստեր չունի, իսկ ասածը բացառապես քաղաքական հայտարարություն է։

Նրա խոսքով՝ նման բառերի առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Քոչարյանի խոսքում ու գործողություններում նկատվել են ռուսական շահերի պաշտպանություն և «ծառայությունների մատուցում»։

«Սա իմ քաղաքական գնահատականն է»,- կրկնել է Սիմոնյանը։ Զարգացնելով միտքը՝ ԱԺ նախագահը հայտնել է, որ երբ ինչ-որ մեկի հայտարարությունները լիովին համընկնում են ռուսական կողմի հայտարարություններին, և խմբակցության անդամների հայտարարությունները նույնպես, կարելի է եզրակացություն անել։ Հօգուտ իր կարծիքի ևս մեկ փաստարկ Սիմոնյանը համարում է այն, որ «Քոչարյանի կողմից աջակցվող» Գյումրու նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արտահայտվել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանի անդամակցության օգտին։

Լրագրողներն առանց աչք թարթելու հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նույնպես հաճախ համընկնում են Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին։ Անցկացված զուգահեռը դուր չի եկել ԱԺ նախագահին, և նա փորձել է մեղադրել լրագրողներին տրամաբանության բացակայության մեջ։ Նրա խոսքով՝ այդ մասին խոսում են հենց նրանք, ովքեր կցանկանային Հայաստանը ներքաշել պատերազմի և հարևան երկրների հետ տարածքային հավակնություների մեջ՝ ստեղծելով լեգիտիմ առիթ ՀՀ-ի վրա հարձակվելու համար։ Նրա խոսքով՝ Փաշինյանի և Ալիևի խոսքերը բնավ չեն համընկնում, ինչի մասին վկայում են Բաքվի առարկություններն ու սպառնալիքները։ «Միջանցքը չենք տվել, չէ՞։ Ասեք այո, թե ոչ, չէ՞ որ չենք տվել»,- զայրացել է Սիմոնյանը։

News.am