Բոլոր ընտրող կարդինալները ժամանել են Հռոմ՝ կոնկլավին մասնակցելու

Բոլոր 33 կարդինալները, որոնք ձայնի իրավունք ունեն սպասվող կոնկլավի ժամանակ, ժամանել են Հռոմ՝ նոր Պապի ընտրությանը մասնակցելու։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Կարդինալների կոլեգիայի 179 անդամից մայիսի 7-ին բացվող կոնկլավին կհավաքվեն նրանք, որոնց տարիքը 80-ից ցածր է։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտնել է, որ նման մեծ թվով «Եկեղեցու իշխաններին» տեղավորելու համար Վատիկանը նստավայր է նախապատրաստել Սուրբ Մարթայի տանը, որն ավանդաբար ծառայել է այդ նպատակին վերջին կոնկլավների ժամանակ։

Բրունին հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել սենյակների վիճակահանությունը, որտեղ կարդինալները գաղտնիության և մեկուսացման պայմաններում բնակվելու են կոնկլավի ընթացքում: Կարդինալները կարող են իրենց բնակարաններ մուտք գործել մայիսի 6-ի առավոտյան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը (աշխարհիկ անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո) մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում: Նա պատմության մեջ առաջին պապն էր ամերիկյան մայրցամաքից: Հայրապետը գահը զբաղեցնում էր 2013 թվականից։

Վերջին անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակային հայտնվել էր ապրիլի 20-ին՝ հավատացյալներին դիմելով Զատկի ուղերձով:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հուղարկավորել են Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Թաղման արարողությունը փակ է եղել և տեղի է ունեցել մարդկանց նեղ շրջանակի ներկայությամբ։ Սուրբ Պետրոսի տաճարում հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն:

Երեք օրվա ընթացքում պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 հազար մարդ։ Արարողությանը մասնակցել են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և այլք։ Հայաստանը ներկայացնում էին նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները։

Sputnik Արմենիա