Թրամփը դադարեցրել է COVID-19-ի նման վիրուսների հետազոտությունների ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է ձեռքբերովի մուտացիաներով պոտենցիալ վտանգավոր վիրուսների, այդ թվում՝ այլ երկրներում իրականացվող հետազոտությունների ֆինանսավորումը դաշնային բյուջեի հաշվին, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն` ձեռնարկված միջոցը նպատակ ունի պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին կենսաբանական անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ COVID-19 համավարակի նման միջադեպերից։

«Հրամանը դադարեցնում է մտահոգություն առաջացնող երկրներում, այդ թվում՝ Չինաստանում և Իրանում, արհեստական մուտացիայի վիրուսաբանական հետազոտությունների համար նախատեսված ներկայիս և ապագա դաշնային ֆինանսավորումը։ Բացի այդ, այն նաև ԱՄՆ հետազոտական ​​գործակալություններին լիազորություն է տալիս բացահայտել և արգելափակել այլ նախագծեր, որոնք սպառնալիք են ներկայացնում առողջության, հանրային և ազգային անվտանգության համար», – ասվում է փաստաթղթում։

Մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Թրամփը հավանական է համարում այն վարկածը, որ COVID-19-ի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։

2024 թվականի դեկտեմբերին, երկամյա հետազոտություններից հետո, ԱՄՆ կոնգրեսականները հայտարարեցին, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, լաբորատոր ծագում ունի։ Հրապարակված զեկույցում նշվում է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։

Միևնույն ժամանակ 2021 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց Ուհան այցելած միջազգային փորձագետների խմբի վերջնական զեկույցը։ Փաստաթղթում լաբորատոր արտահոսքի հավանականությունը նկարագրվել էր որպես «ծայրահեղ քիչ հավանական»։

Մասնագետները նշել էին, որ վիրուսի հիմնական պատճառը միջանկյալ կրողի միջոցով չղջիկներից մարդկանց փոխանցումն է։ Հնարավոր վարկածների թվում դիտարկվել է նաև կենդանուց անմիջական փոխանցումը և սառեցված սննդի միջոցով դրա տարածումը։

Sputnik Արմենիա