ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ. ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

Հայտնում են, որ Գյումրու ավագանու Մեր քաղաքը խմբակցության մի անդամ որոշել է դուրս գալ խմբակցությունից: Խոսքը Մարտուն Գրիգորյանի խմբակցության մասին է:

Նախ այդ անդամը դիմել է ընդհանրապես մանդատից հրաժարվելու համար, հետո «փոշմանել» է և որոշել է մանդատը պահել ու դուրս գալ խմբակցությունից, լինել այսպես ասած անկախ պատգամավոր: Ըստ էության, պարզ է, որ դա կնշանակի լինել ՔՊ խմբակցության «կցորդ»:

Սա որակվում է, որ իշխանությունը «մարդ է գողանում» ընդդիմադիր խմբակցությունից:

Ինչպես հայտնի է, հայկական մեդիամիջավայրում, նաև քաղաքական առումով այս երևույթը նույնիսկ ստացել է «անասնագողություն» ձևակերպումը:

Բայց, եկեք մի քիչ սառը նայենք իրերի այս դրությանը: Ցավոք, սա է քաղաքականությունը: Այս ճամբարից այն ճամբար անցնելը, թռչելը, փոխելը և այլն, ցավոք սրտի, տարածված երևույթ է ոչ միայն Հայաստանում, և այսպես ասած՝ հնուց եկող երևույթ է:

Բուն հարցն ըստ իս հետևյալն է: Եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել մի քանի տասնյակ սկզբունքային մարդ, որոնց հնարավոր չէ «գողանալ», ապա հենց իր մեջ պետք է փնտրի խնդիրները: Եթե իհարկե «գողության» փոխարեն խոսքը իրականում ընդամենը որևէ «առևտրի» կամ ապրանքափոխանակության մասին չէ, որը պարզապես մեդիայով հանրությանն է մատուցվում իբրև «գողություն»:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Verelq.am