Փաստաբան․ Ազդել են Կարեն Բադալյանի վրա՝ ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից

Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ձևավորվել էր ավագանին, որն էլ ընտրել էր քաղաքապետ, բայց, ինչպես և կանխատեսվում էր, իշխանությունը փորձում է գտնել կամ արդեն գտել է եղանակներ՝ խարխլելու այն իրավիճակը, որն ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Սոս Հակոբյանը։

«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ աշխատանքային հանգամանքներով պայմանավորված՝ հնարավոր չի համարում իր աշխատանքն ավագանիում։ Հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է ֆիքսեր, որ նրա տեղը թափուր է և ցուցակով հաջորդը պետք է դառնար ավագանու անդամ։ Բայց մեզ մոտ տեղի է ունեցել հետևյալը՝ ժամկետներն անցել են։ Ընտրական հանձնաժողովն իր ֆունկցիան չի կատարել։ Մենք ունենք տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ Նաև նշեմ, որ իր առաջին դիմումից հետո Կարեն Բադալյանը, բոլորին անհայտ պատճառներով, դիմում է գրել և ասել, որ ցանկանում է պահել իր ավագանու պաշտոնը, սակայն ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-նշեց Հակոբյանը։

Փաստաբանը վստահեցնում է՝ անձի, տվյալ դեպքում՝ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն է եղել իշխանական շրջանակներից.«Սա կարելի է նաև բռնություն համարել։ Նման «անկախ» ավագանին կարող է ընդամենը մեկ շահի ծառայել և դա իշխանության շահն է»։

Aysor.am