Հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հունիսի 3–ից մինչև օգոստոսի 22–ը ՀՀ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունից նշում են, որ վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:

Որոշմամբ սահմանվում են նաև վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Sputnik Արմենիա