Պատմական իրողությունները չպետք է խեղաթյուրվեն. Տոնոյանը` Հաղթանակի 80-ամյակի մասին

Պետք է ամեն ինչ անել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու համար և թույլ չտալ, որ պատմական իրողությունները խեղաթյուրվեն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով` այս տարի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել և անցկացրել է Հայրենականում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ մարշալ Բաղրամյանի թանգարանի բացումից մինչև «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթը, հեռուստատեսային «Հաղթանակի ժամանակը» հաղորդաշարից մինչև 1945 թվականի խաղողի բերքի սպիրտներից պատրաստված «Հաղթանակ» կոնյակի հատուկ խմբաքանակի թողարկումը:

Նրա խոսքով` իրենք հարցազրույցների շարք են անցկացրել վետերանների հետ, որը պատմական ժառանգություն է մնալու։ Շուրջ երեք տասնյակ վետերաններ այսօր ողջ են, և կա հնարավորություն առաջին ձեռքից լսել այն պատմությունները, որոնց շնորհիվ կերտվել է այդ հաղթանակը։

«Պատմաբանների, մասնագետների հետ զրույցում որոշ պատմական փաստեր նորովի են բացահայտվել։ Ցավոք սրտի, այսօր որոշակի ուղղորդված գործընթացների արդյունքում փորձ է արվում ստվերել հայ–ռուսական հարաբերությունները»։

Գերնպատակն է թույլ չտալ ճշմարտության խեղաթյուրումը, եզրափակեց Տոնոյանը։