Հայաստանում կրկին կբարձրացնեն ներկրվող ցեմենտի տուրքը
Հայաստանում կրկին բարձրացնում են ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
2021 թ.–ին ներմուծվող մինչև 100 տոննա ցեմենտի համար սահմանվել էր 14 հազար դրամ տուրք, որը 2022 թ. օրենսդրական փոփոխություններից հետո իջեցվեց 2 հազար դրամի, կլինկերի (մանրացման ենթակա ցեմենտի հումք) համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց։
Կառավարության այսօրվա որոշմամբ ներմուծվող ցեմենտի տուրքը 2 հազարից դարձավ 8 հազար դրամ։
Տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական արտադրանքին։ Խնդիրը հասել է նրան, որ տեղական գործարաններն արդեն փակման վտանգի առաջ են կանգնել։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների և էներգակիրների ցածր գների շնորհիվ։ Արդյունքում իրանական ցեմենտը մեծ ծավալներով արտահանվում է հարևան երկրներ:
ՀՀ կառավարությունը որոշել է մաքսատուրքը սահմանել այնպիսի մակարդակի վրա, որպեսզի տեղական գործարանները կարողանան աշխատել: Ուստի, երբ 2022 թ. իրանական ցեմենտը սկսեց թանկանալ, ցեմենտի տուրքը 14 հազարից իջեցվեց 2 հազար դրամ, իսկ կլինկերի դեպքում` այն ընդհանրապես չեղարկվեց։
Տեղական ցեմենտի ինքնարժեքը այժմ կազմում է 42–44 հազար դրամ, իրանական ցեմենտինը՝ 30–31 հազար դրամ, այսինքն՝ գրեթե 1.5 անգամ պակաս։
Արդյունքում, տեղական արտադրությունը 2024 թ. կրճատվել է մոտ 7 %–ով (մինչև 1,05 մլն տոննա), իսկ Իրանից ներմուծումն աճել է 72 %–ով՝ կազմելով 436 հազար տոննա կամ շուկայի գրեթե 30 %–ը։
Sputnik Արմենիա