ՇՈՒՇԻ. ՔԱՂԱՔ, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է։ ՎԵՐԱԴԱՐՁ ԼԻՆԵԼՈ՛ւ Է
Հինգերորդ անգամ եկավ մայիսի 8-9-ը առանց Շուշիի, երկրորդ անգամ՝ առանց Արցախի։ Եվ ամեն տարի նկատելիորեն փոխվում են սրբազան օրվա տոնայնությունն ու տրամադրությունները։ Եթե 4 տարի առաջ՝ աղետալի «9.11.2020»-ից ընդամենը մի քանի ամիս անց մարդիկ վշտի, շոկի և շփոթմունքի մեջ էին, չիմանալով՝ նշել, թե չնշել հայկական երբեմնի Եռատոնը, ապա այսօր հասարակական մթնոլորտում բոլորովին այլ բան է զգացվում։ Ապրիլի 24-ին Ջահերով երթում շատերին ցնցած «Վերադարձ լինելո՛ւ է» կարգախոսը աստիճանաբար ընկալվում է որպես հրամայական, որին այլընտրանք չկա։
Շուշին քաղաք է, որի նմանները քիչ են հայոց պատմության մեջ, ասենք՝ նաև ցանկացած այլ ժողովրդի պատմության մեջ։ Շուշին իր նշանակալիությամբ եզակի է հայկական մշակույթի, արվեստի, ճարտարապետության, հայկական ոգու և մտածելակերպի համար: Այդ նշանակալիությունը ենթակա չէ որևէ սառը հաշվարկի՝ ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ հեռանկարում, քանզի այն հաշվարկվում է բոլորովին այլ չափորոշիչներով։
Շուշին ամեն առումով այն աստիճան հայկական քաղաք է, որ կորստի անտանելի դառնությունն անկարող է ստվերել այն գլխավորը, որ տարեցտարի ավելի ու ավելի հստակ ես գիտակցում. մենք դատապարտված ենք վերադարձնելու մեր բերդաքաղաքը: Շուշին բառացիորեն ներծծված է հայկական ոգով, որն անհնար է ոչնչացնել, նույնիսկ բարբարոսաբար ավերելով նրա հուշարձաններն ու սրբավայրերը։ Դա հենց այն է, ինչն անխուսափելի դարձրեց նրա ազատագրումը 33 տարի առաջ, և այն, ինչն անխուսափելի է դարձնում նրա հաջորդ ազատագրումը, հարցը լոկ ժամկետներն են։
1992թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրումը ալեկոծում էր մարդկանց միտքն ու հոգին ավելի քան երեք տասնամյակ, և դեռ երկար է շարունակելու ալեկոծել: Առաջին հերթին՝ հարցով. ինչպե՞ս: Ինչպե՞ս հաջողվեց ոչ մեծ ուժերով և համեմատաբար ոչ մեծ կորուստներով մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում իրագործել կարծես թե անիրագործելին. վերցնել անառիկ ամրոցը։ Ի՞նչը կատարեց գլխավոր դերը. հրամանատարների ռազմական հանճա՞րը, շարքայինների արիությո՞ւնը, Աստծո նախախնամությո՞ւնը։
Ասում են, «Հարսանիք լեռներում» գործողությունը ներառված է ռազմարվեստի բազմաթիվ դասագրքերում՝ որպես օրինակելի իր ժամանակի և քաղաքի աշխարհագրական դիրքի առումով: Այդ գործողության մասին լեգենդներ են հյուսված և երգեր երգված, այն ընդմիշտ մտել է հայոց պատմության մեջ և կմնա այնտեղ ոչ թե և ոչ միայն որպես գերազանց մշակված և ոսկերչական ճշգրտությամբ իրականացված ռազմական գործողություն: Դա իսկական ձոն էր մեկ վսեմ նպատակի շուրջ համախմբված «խիզախների խենթությանը»։
Շուշիի ազատագրումն ընդմիշտ կմնա հայոց և համաշխարհային պատմության մեջ որպես բարձրագույն հերոսության, անհասանելի, բայց նվաճված բարձունքի՝ ոգու, կամքի, սիրո և Հայրենիքին նվիրումի բարձունքի դրսևորում: Գիտակցումը, որ դա մեր, մինչև վերջին քարեհատիկը հարազատ, տառապած, բայց պատմական ողբերգական-արյունալի վայրիվերումների մեջ կանգուն մնացած, իր իսկական տերերին վաղուց սպասող քաղաքն է, անկասելիորեն ու անշեղորեն առաջ էր մղում հայ ազատամարտիկներին դեպի վեր՝ դեպի Շուշիի բերդի պարիսպներ։ Եվ հանգեցրեց Մայիսի 9-ի Եռատոնին…
Կադրերը, թե ինչպես են մեր տղաները՝ անասելի երջանիկ, պատմական հաղթանակով արբած, հախուռն երգելով հայրենասիրական երգեր, հպվում Ղազանչեցոցի պատերին ու հեկեկում կիսաքանդ տաճարի խորանի մոտ, կարելի է դիտել անվերջ: Եվ հասկանալ, որ ոչ մի ռազմական հաշվարկ չի կարող հաջողության բերել, եթե չկա Հայրենիքի հանդեպ մեծ սիրո զգացում և սերունդների առջև սեփական պարտքի գիտակցում: Եվ որ ոչ ոք ու երբեք չի կարող մեզանից խլել այդ տոնը, այդ օրը, այդ երջանկությունը. նույնիսկ սիրելի քաղաքի ժամանակավոր կորուստը:
Շուշին հնարավոր էր ազատագրել միայն այդ սիրո անդիմադրելի ուժով, և կորցնել միմիայն ստորագույն ու զազրելի դավաճանությամբ: Մենք մանրամասնորեն գիտենք, թե ինչ է տեղի ունեցել 33 տարի առաջ, բայց չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ չորսուկես տարի առաջ, հատկապես ոնց հանձնեցին Շուշին։ Եվ չենք էլ իմանա, քանի դեռ իշխանության ղեկին դավաճանների հանցախումբն է, որը ոչ միայն հանձնեց ու ծախեց, այլև փորձեց հետո զրպարտել, նվաստացնել, անարգել հայ ժողովրդի ամենասրբազան խորհրդանիշ քաղաքներից մեկը։
Նրանք դեռևս իշխանության ղեկին են և փորձում են կոծկել իրենց հանցագործություններն ու մոռացության մատնել մեր փառապանծ անցյալը։ Փորձում են մեր միջից արմատախիլ անել մեր էությունը, մեր հիշողությունը, փորձում են սպանել ամենասրբազանը՝ մեր սերը Հայրենիքի նկատմամբ։ Նրանք ջանում են մեզ ստիպել մոռանալ մեր հաղթանակները և հիշել միայն պարտությունները։ Նրանք ուզում են ստիպել մեզ մոռանալ, որ ժամանակին մենք եղել ենք խենթ խիզախներ, որոնք երազում էին ազատագրել Շուշին, և արեցին դա։
Նրանք շատ լավ գիտեն, որ հենց հիշողությունն ու սերը մեզ հետ կտանեն Շուշի։ Խնդիրը նույնիսկ նրանց ողորմելի գոյությունը չէ. ամեն ինչ շատ ավելի խորն ու ծանրակշիռ է, քան դավաճանների ու մանկուրտների իշխանության կարճագույն պատմական ժամանակահատվածը, որոնք երևակայել են, թե կարող են գլխիվայր շրջել պատմության հազարամյակներն ու սերունդների հիշողության անծայրածիրությունը։
ՇՈՒՇԻՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂ ՈՒՆԻ։ 1992թ. մայիսին հայկական բերդաքաղաքի ազատագրումը դարձավ Արցախյան առաջին ազատամարտի շրջադարձային, վճռորոշ պահը, որը կանխորոշեց դրա հաղթական ելքը: Չորսուկես տարվա ընթացքում Մայիսի 8-9-ի մեր ընկալման փոխակերպումը վկայում է, որ ազգային զարթոնքը, իրողությունների գիտակցման մեջ բեկումը, վերելքն ու վերադարձն ակունքներին ոչ միայն անխուսափելի են, այլև սարերի հետևում չեն:
Այո, երկիրը շարունակում է մնալ ծանրագույն վիճակում, այո, խմորումներն ու պառակտումը հաղթահարված չեն, իսկ ազգային ուժերի միասնությունը դեռևս մնում է ապագա հաջողության լոկ ցանկալի գրավական: Բայց մենք արդեն խոսում ենք Շուշիի մասին ոչ միայն որպես պարտության ու կորստի. մենք մտածում ենք վերադարձի և ազատագրման մասին, գիտակցելով այդ ճանապարհի ողջ բարդությունն ու աներևակայելիությունը։
Ակնհայտ է, որ այդ միտումները տարեցտարի ավելի ու ավելի են ուժգնանալու։ Ակնհայտ է, որ դավաճանների հրոսակախմբին և նրանց տերերին չհաջողվեց և չի հաջողվելու հայ ժողովրդի մեջ սպանել այն, ինչը մեզ դարձնում է հայ և հաղթական մեծ ավանդույթների ժառանգորդ:
Այն, ինչը 33 տարի առաջ անխուսափելի դարձրեց Շուշիի ազատագրումը՝ Աստծո կամոք, թե մարդկային ոգու ուժով։ Երկուսն էլ անպարտելի են, և հետևաբար՝ վերադարձ լինելո՛ւ է: