Հանրապետությունում գրանցված ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք

Երեկ հանրապետությունում գրանցված ուժգին քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։

«Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 44 դեպք, Արմավիրի մարզում՝ 1 դեպք, Արագածոտնի մարզում՝ 2, Լոռու մարզում՝ 4, Տավուշի մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 3, Արարատի մարզում՝ 1»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների (մասնավորապես Երևան քաղաքի Հերացու փողոցում), կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Հիշեցնենք` երեկ ուժգին քամու հետևանքով երկու ուղևորատար ինքնաթիռ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Sputnik Արմենիա