Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով փակված 32 օդանավակայան է բացել
Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով ավելի վաղ փակված 32 օդանավակայան է բացել երկրի հյուսիսում և արևմուտքում, հաղորդում է News18 հեռուստաալիքը:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սունիլ Բարթվալը հայտնել է, որ Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև շփման գծում գիշերը հանգիստ է անցել, միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
«Որևէ միջադեպի մասին տեղեկություն չի ստացվել, սա վերջին օրերի ընթացքում առաջին հանգիստ գիշերն է եղել»,-ասել է նա:
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին հայտնել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին: Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը և համապատասխան ավիացիոն մարմինները մի շարք ծանուցումներ էին տարածել օդաչուների համար այն մասին, որ 2025 թվականի մայիսի 9-ից 14-ը բոլոր քաղաքացիական թռիչքների համար հյուսիսային և արևմտյան Հնդկաստանի 32 օդանավակայաններ ժամանակավոր փակվում են՝ շահագործման հետ կապված խնդիրների պատճառներով:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։
Միևնույն ժամանակ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը Պակիստանում հինգ բնակավայրերի է հարվածել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իսլամաբադը համարժեք պատասխան տալու իրավունք է իրեն վերապահում։
Sputnik Արմենիա