Լեհաստանը փակում է Կրակովում ՌԴ հյուպատոսությունը՝ մեղադրելով Մոսկվային Վարշավայում տեղի ունեցած հրդեհի մեջ

Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը պետք է 30 օրից ավարտի իր աշխատանքը, իսկ դիվանագետները պետք է հեռանան երկրից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկա Մոսցիցկայա-Դենդիսը։

«Ինչպես (խմբ.՝ Պոզնանում հյուպատոսության) դեպքում, ռուսական կողմին տրվել է վերջնաժամկետ, սովորաբար ոչ պակաս, քան 30 օր, փակելու դիվանագիտական ​​հաստատությունը», - ասել է դիվանագետը TVP Info-ով հեռարձակված ճեպազրույցում:

Գերատեսչության ներկայացուցիչը կոնկրետ ժամկետ չի նշել։

Ռուսաստանցի դիվանագետները ստիպված կլինեն լքել Լեհաստանի Հանրապետությունը։

Վարշավան նման քայլի է դիմել Ռուսաստանի կողմից «սաբոտաժի գործողությունների» պատճառով։ The Associated Press-ը հաղորդում է, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին մայիսի 12-ին հայտարարել է, որ Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը փակվում է, քանի որ, ըստ հետաքննության տվյալների, Մոսկվան պատասխանատու է մեկ տարի առաջ Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի համար։

Հյուպատոսության փակման մասին հաղորդվել է հրդեհից ուղիղ մեկ տարի անց։ Վարշավայի հյուսիսում գտնվող առևտրի կենտրոնում, որտեղ գտնվում էր շուրջ 1400 խանութ, խոշոր հրդեհը բռնկվել է 2024 թ. մայիսի 12-ին։