«Մեր դիրքորոշումը հստակ է». Պեսկովը՝ բանակցությունները վերսկսելու առաջարկի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և աներկբա նշել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվայում ամփոփելով մայիսի 9-ին նվիրված տոնական հանդիսությունները, օտարերկրյա մեր հյուրերի հետ բազմաթիվ հանդիպումներն ու բանակցությունները՝ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ, այդ թվում՝ հստակ և աներկբա շարադրել է Ստամբուլում առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ մեր դիրքորոշումը», - ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար և առաջարկել Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Պեսկովը Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ խոսքը իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցման մասին է:
Այնուամենայնիվ, Վլադիմիր Զելենսկին վերջնագրով է պատասխանել Պուտինի խաղաղ նախաձեռնությանը. նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի հաստատել լիակատար հրադադար, ինչից հետո միայն Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն «առնվազն կորոշեն՝ հնարավոր է, արդյոք, գործարքը»: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
Sputnik Արմենիա