2024-ի հունիսի ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների հետ կապված մեղադրյալ դեռ չկա
2024 թվականի հունիսին տեղի ունեցած հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների հետևանքով տուժողներն արդեն որոշված են, սակայն մեղադրյալի կարգավիճակում ոչ ոք դեռ չկա։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այս մասին ասաց ԱԺ–ում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքի տարեկան հաշվետվությունը։
Ինչպես նշեց Պողոսյանը, քննիչները հարցաքննել են ավելի քան 100 մարդու և նշանակել մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքները սպասվում են առաջիկայում:
«Տեսագրությունների միջոցով մենք պարզել ենք դեպքերի բոլոր մասնակիցների գործողությունները, նույնականացրել տուժողներին, բայց մեղադրյալի կարգավիճակով անձինք դեռևս չունենք», – ասաց ՔԿ ղեկավարը:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում էին գործող իշխանության հրաժարականը, 2024 թվականի հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Sputnik Արմենիա