Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ հաստատել էր հաղորդավարի այն վարկածը, որ ահաբեկչության օրը իրեն զանգահարել է Սեֆիլյանը և վիրավորական ձևով հայտնել վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության մասին` «մորուքը սատկել է, մորուքին սպանել են»։ Սամվել Բաբայանը վստահեցրել էր, որ այդ ձայնագրությունները մինչև հիմա կան ԱԱԾ-ում։
Մայիսի 8-ին հարցազրույցի այս հատվածի վրա ուշադրություն էր հրավիրել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրել էր` արդյոք իրավապահները չեն պատրաստվում հարցաքննել Սեֆիլյանին:
Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննելու կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ԱԺԲ–ն` նշելով, որ հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց` Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի, և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց ցմահ ազատազրկման դատապարտել Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին, իսկ Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։